Դատարանը պարտավորեցրել է Վազգեն Սաղաթելյանին տարածել հերքում և Արուսյակ Մանավազյանին վճարել փոխհատուցում | ՄԱՄՈՒԼ.ամ

«Դատարանը պարտավորեցրել է Վազգեն Սաղաթելյանին հերքել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանի վերաբերյալ տարածած տեղեկությունները»։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՔՊ-ականը՝ հրապարակելով իրավաբանական ընկերության հաղորդագրությունը։

«2026 թվականի մարտի 3-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հայցն ընդդեմ Վազգեն Սաղաթելյանի՝ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջների մասին:
     Դատարանը վճռով արձանագրեց, որ Վազգեն Սաղաթելյանի կողմից 2025 թվականի հուլիսի 19-ին «Իմնեմնիմի» հաղորդման ընթացքում տարածած տեղեկությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը, ինչպես նաև օբյեկտիվ ընկալման տեսանկյունից դիտվում են անձի պատիվը և արժանապատվությունը արատավորող։ Միաժամանակ դատարանը փաստեց, որ Վազգեն Սաղաթելյանը ունեցել է պատգամավորի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու հստակ դիտավորություն:
     Դատարանը պարտավորեցրել է Վազգեն Սաղաթելյանին տարածել հերքում, ինչպես նաև Արուսյակ Մանավազյանին վճարել գումարային փոխհատուցում»,- ասվում է իրավաբանական ընկերության հայտարարության մեջ:

Leave a comment