ՆԱՏՕ-ն չի մասնակցում Իրանի դեմ ռազմական գործողությանը, բայց պատրաստ է պաշտպանել դաշինքի տարածքի «յուրաքանչյուր թիզը». Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պնդում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի մասնակցում Մերձավոր Արևելքի պատերազմին: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, դաշնակիցները կիրառում են «համալիր մոտեցում» իրենց անդամներին պաշտպանելու համար, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարի միջոցով։

«Ակնհայտ է, որ սա Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից իրականացվող արշավ է: Եվ մենք տեսնում ենք, որ շատ դաշնակիցներ կարևոր օժանդակ աջակցություն են տրամադրում։ Սա չի նշանակում մասնակցել արշավին, այլ, օրինակ, ապահովել մուտք և լոգիստիկա»,- ասել է նա:

ԱՄՆ նախագահը չի խնդրել ՆԱՏՕ-ին միանալ գործողությանը, սակայն դաշինքի եվրոպական անդամները լայնորեն աջակցում են Իրանի միջուկային ներուժի ոչնչացմանը և գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությանը, հավելել է Ռյուտեն։

Իսպանիան, սակայն, բացահայտորեն դեմ է ռազմական արշավին։

«Իսպանիայի կառավարության դիրքորոշումն այս իրավիճակում հստակ և հետևողական է։ Այն նույն դիրքորոշումն է, որը մենք զբաղեցրինք Ուկրաինայի և Գազայի հարցում։ Նախ՝ միջազգային իրավունքի խախտում չկա, որը պաշտպանում է մեզ բոլորիս, հատկապես ամենաանպաշտպաններին՝ քաղաքացիական բնակչությանը։ Երկրորդ՝ անհնար է ընդունել, որ աշխարհը կարող է լուծել իր խնդիրները միայն հակամարտության և ռմբակոծությունների միջոցով։ Եվ, վերջապես, անցյալի սխալները կրկնել հնարավոր չէ։ Վերջին հաշվով՝ Իսպանիայի կառավարության դիրքորոշումն է՝ «Ո՛չ պատերազմին»»,- հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։

Իրանի դեմ հարվածների համար իր բազաներն օգտագործելու՝ Մադրիդի մերժմանն ի պատասխան՝ ամերիկացի առաջնորդը սպառնացել է ամբողջությամբ խզել առևտրային հարաբերությունները երկրի հետ։ Դոնալդ Թրամփը նաև հիշեցրել է, որ Իսպանիան հրաժարվել է ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment