Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան և Նիդերլանդները ռազմածովային միջոցներ կուղարկեն Կիպրոս

Քաղաքականություն

05.03.2026 | 15:40

Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան և Նիդերլանդներն առաջիկա օրերին ռազմածովային ուժեր կուղարկեն՝ Կիպրոսը պաշտպանելու համար։ Այս մասին խորհրդարանին հայտնել է Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոսետտոն, գրում է France 24-ը։

Կղզում գտնվող բրիտանական թագավորական ռազմաօդային ուժերի բազան երկուշաբթի թիրախավորվել էր իրանական արտադրության անօդաչու թռչող սարքի կողմից՝ Թեհրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի օդային պատերազմի շրջանակում։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին այսօր ավելի ուշ կայցելի Կիպրոս, հաղորդում է BBC-ն:

Բացի այդ, Կիպրոսը քննադատել է Մեծ Բրիտանիայի արձագանքը Ակրոտիրիի Թագավորական ռազմաօդային ուժերի դեմ անօդաչու թռչող սարքերի հարձակումներին։ Մեծ Բրիտանիայում Կիպրոսի գերագույն հանձնակատար Կիրիակոս Կուրոսը BBC Newsnight-ին ասել է, որ կիպրոսցիները «հիասթափված» են Լոնդոնի արձագանքից։

Մեծ Բրիտանիան տարածաշրջան է ուղարկում HMS Dragon ռազմանավը, բայց այն Պորտսմութից չի մեկնի մինչև հաջորդ շաբաթ։ Այժմ այն ​​բեռնվում է զինամթերքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment