Իրանում հումանիտար ճգնաժամը կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի և Վրաստանի համար. Աբովյան

Բաժանորդագրվել

Արման Աբովյանի խոսքով` պատերազմի շարունակման դեպքում հնարավոր է` փախստականների մեծ հոսք լինի դեպի Հայաստան ու Վրաստան։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Իրանում պատերազմը գրեթե հավասարապես հարվածում է Հարավային Կովկասի երկրներից Հայաստանին ու Վրաստանին։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Վրաստանի հետ կազմակերպված տեսակապի ժամանակ այս մասին ասաց քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը։

Վերլուծաբանը 2 կարևոր խնդիր առանձնացրեց՝ Իրանի տարանցիկ ներուժի հետ կապված խնդիրներն ու փախստականների հարցը։

«Վրաստանը կարգավորել էր տարանցումը Հայաստանի տարածքով դեպի իրանական Բանդար Աբաս նավահանգիստ: Բեռներ էին փոխադրվում նաև հակառակ ուղղությամբ: Հասկանալի է, որ այս ճանապարհն առանցքայիններից չէր, սակայն տարանցիկ փոխադրումների աճի ներուժը մեծանալու միտում ուներ: Բայց պարզ է նաև, որ այս ամենն այժմ փակված է, և այս պատմությունը շարունակվելու միտում ունի»,– ասաց նա։

Աբովյանը նկատեց, որ Հարավային Կովկասի երկրների հետ իրանական սահմանին 25-27 մլն բնակչություն կա։ Նրա խոսքով` պատերազմի շարունակման և հումանիտար ճգնաժամի դեպքում փախստականների հոսք է լինելու։

«Եթե Իրանում հումանիտար ճգնաժամը խորանա, իսկ այդ ազդակներն այսօր կան, ապա Հայաստան, Վրաստան, ինչու չէ նաև Թուրքիա փախստականների հոսք է լինելու։ Թուրքիան արդեն փորձում է փակել սահմանը Սիրիայի փորձից ելնելով։ Անգամ եթե 25 մլն-ի 2-3 տոկոսը գան դեպի Հարավային Կովկաս, ապա դա արդեն հումանիտար խնդիրներ է առաջացնելու, քանի որ խոսքն առնվազն մեկ մլն մարդու մասին է։ Եկեք անկեղծ լինենք` փախստականների դեմ ոչինչ անել չենք կարող, քանի որ հիմնականում կանայք ու երեխաներ են, չենք կարող սահմանին զորք կանգնեցնել ու թույլ չտալ մուտքը»,– շարունակեց Աբովյանը։

Նա նաև նկատեց, որ հայ–իրանական հարաբերություններ բարեկամական են, որոնք առնվազն ենթադրում են իրավիճակի ըմբռնում և օգնության ձեռքմեկնում։

Leave a comment