Կառավարության որոշմամբ սապրիլի 1-ից Հայաստանում պետական բոլոր նպաստներն ու կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկերի կողմից թողարկված կենսաթոշակային քարտերի միջոցով։
Բանկերը հունվար-փետրվար ամիսներին անկանխիկ վճարման դիմում ներկայացրած եւ բանկ ընտրած քաղաքացիների համար իրականացրել են քարտերի թողարկումը։
Բանկից միությունից հիշեցնում են, որ անկանխիկ վճարման դիմում չներկայացրած շահառուները մարտի 5-ից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ինքնաշխատ եղանակով կբաշխվեն ըստ հետեւյալ բանկերի․
1. Ակբա բանկ ԲԲԸ
2. ԱրարատԲանկ ԲԲԸ
3. Արցախբանկ ՓԲԸ
4. Հայէկոնոմբանկ ԲԲԸ
Վերոնշյալ 4 բանկը մինչեւ ապրիլի 1-ը տեղաշարժման սահմանափակում ունեցող անձանց համար կապահովեն քարտերի առաքումը՝ բանկի աշխատակիցների եւ/կամ սուրհանդակային ծառայությունների միջոցով։
Նշվում է, որ մարտի 5-ից մինչեւ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Միասնական սոցիալական ծառայության կողմից վճարման եղանակի փոփոխության եւ բանկի ընտրության վերաբերյալ դիմումներ չեն ընդունվելու։
Մինչեւ մարտի 5-ը դիմում ներկայացրած եւ բանկ ընտրած քաղաքացիները, ովքեր չունեն տեղաշարժման սահմանափակումներ, պետք է ներկայանան համապատասխան բանկ՝ քարտը ստանալու համար։