Դուբայ-Երևան չվերթ է ժամանել, ևս երկու չվերթ կհասնի ուշացումով

ԱՄԷ-ի օդային տարածքի փակումից հետո վաղ առավոտյան Դուբայից առաջին չվերթը ժամանել է Երևան։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից։

Flydubai ավիաընկերության չվերթը վայրէջք է կատարել նախատեսված ժամանակից երկու ժամ ուշ։

Չվերթը տևել է վեց ժամ։ Նախկինում Դուբայ-Երևան չվերթի տևողությունը կազմում էր երեք ժամ։ Ինքնաթիռը ստիպված է եղել շրջանցել Մերձավոր Արևելքի որոշ երկրների փակ օդային տարածքները, ինչի հետևանքով թռիչքի տևողությունը ավելացել է։ Ըստ Flightradar24 միջազգային թռիչքների կայքի` թռիչքն իրականացվել է Օմանի, Պակիստանի, Աֆղանստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի երկնքով։

Flydubai-ի ևս մեկ չվերթ Երևան պետք է հասներ այսօր ժամը 10։25-ին, սակայն ուշացումով է հասնելու. ըստ «Զվարթնոցի» առցանց չվացուցակի ժամանման հաշվարկային ժամանակը 13։46-ին է։ Emirates ավիաընկերության Դուբայ-Երևան ևս մեկ չվերթ ուշացումով կժամանի։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Իրանի և Իսրայելի, ԱՄՆ-ի միջև սկսված ռազմական գործողություններով պայմանավորված՝ Մերձավոր Արևելքի օդային տարածքը շարունակում է ամբողջությամբ կամ մասնակիորեն փակ մնալ: Ավիաընկերությունների կողմից չեղարկվել են հազարավոր կանոնավոր չվերթներ, այդ թվում՝ Դուբայից դեպի Երևան:

 

Անի Թամրազյան

Leave a comment