Հրթիռն ուղղվում էր դեպի Թուրքիա՝ Իրաքի և Սիրիայի օդային տարածքը հատելուց հետո, հայտնել են Թուրքիայի ՊՆ–ից
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Արևելյան Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ստորաբաժանումները որսացել են բալիստիկ հետագծով թռչող հրթիռ, որն արձակվել էր Իրանից:
Հրթիռն ուղղվում էր դեպի Թուրքիա՝ Իրաքի և Սիրիայի օդային տարածքը հատելուց հետո, հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդում է ՌԲԿ–ն։
Հրթիռի բեկորներն ընկել են Հաթայ նահանգի Դյորթյոլ շրջանում: Գերատեսչության տվյալներով՝ դա եղել է զենիթային որսիչ-հրթիռի բեկոր:
«Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել», — ասված է հաղորդագրության մեջ:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կոչ է արել բոլոր կողմերին ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում հակամարտության սրմանը: «Հիշեցնում ենք, որ մենք իրավունք ունենք պատասխանել մեր երկրի նկատմամբ ցանկացած թշնամական վերաբերմունքի», — նշել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։