Viva, Team և Ucom ծառայությունների վճարումները կրկին կընդունվեն նախկին վճարահաշվարկային համակարգերով

Viva Armenia, Team Telecom Armenia և Ucom ընկերությունների ծառայությունների դիմաց վճարումները կրկին հնարավոր կլինի կատարել նախկին վճարահաշվարկային համակարգերով։ 

Խոսքը վերաբերում է «Tel-Cell», «EasyPay», «Idram» և «Fast Shift» ընկերություններին, որոնց միջոցով սպառողները կարող են վճարումներ իրականացնել ավտոմատ ինքնասպասարկման տերմինալներով, մասնաճյուղերում, ինչպես նաև էլեկտրոնային դրամապանակների ու հավելվածների միջոցով։ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը, մինչև հարուցված վարույթի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը կիրառվել է միջանկյալ միջոց։ 

Հիշեցնենք, որ հունվարին հեռահաղորդակցության երեք ընկերությունները հայտարարել էին, որ փետրվարից դադարեցնելու են համագործակցությունը նշված վճարահաշվարկային կազմակերպությունների հետ՝ մատնանշելով ծառայությունների մատուցման պայմանների շուրջ անհամաձայնություններ և ոչ փոխշահավետ պայմաններ։

Իր հերթին, վճարահաշվարկային ընկերությունները դիմել էին Հանձնաժողով՝ պնդելով, որ միակողմանի որոշումները կարող են խախտել արդար մրցակցության սկզբունքները։

Անի Թամրազյան

Leave a comment