Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբա բանկի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ

Ակբա բանկի և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ Կոմիտասի անվան պուրակը կբարեկարգվի։ Պուրակի բարեկարգումն Ակբա բանկի նվերն է Երևանին՝ իր 30-ամյակի կապակցությամբ:

Նախագծի նպատակն է այգին դարձնել հանգստի ու զբոսանքի լիարժեք վայր։ Առաջիկայում պուրակը կդառնա ավելի բարեկարգ, ժամանակակից ու կանաչապատ. կոնսերվատորիայի հարակից այգին կխոսի ու կպատմի վարդապետի ու նրա թողած ժառանգության մասին:

Տարածքում տնկվելու է ավելի քան 3000 բույս, որոնք կստեղծեն հարմարավետ և կանաչ միջավայր։ Կտեղադրվի կաթիլային ոռոգման համակարգ, կավելանան նոր զբոսուղիներ, կկառուցվի նաև փոքր բեմ՝ ամֆիթատրոնով, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել բացօթյա համերգներ։

Այգին վերաիմաստավորվելու է նոր բովանդակությամբ, միևնույն ժամանակ առաջնային նպատակներից է պահպանել այգու արդեն ձևավորված, բարձրահասակ ու հասուն ծառերը։ Նույնքան կարևոր է պահպանել պուրակի պատմական կառուցվածքը։ Հուշարձանի շուրջ նախատեսում է ջրային տարր ավելացնել՝ որպես հարգանքի տուրք այն հայտնի պատկերին, որտեղ Կոմիտասը նստած է լճակի դիմաց։

«Ակբա բանկը նշում է 30-ամյակը.  մի շարք միջոցառումներ են նախատեսվում, և սա Երևանի հետ կապված   մեր ամենամեծ միջոցառումներից մեկն է և մեր մեծ նվերն է լինելու քաղաքին։ Ուզում ենք, որ այս կանաչ անկյունը ավելի գրավիչ, ավելի ժամանակակից և ավելի սիրված վայր դառնա երևանցիների ու հատկապես երեխաների, ուսանողների համար։ Նախագիծը իրականացվելու է ժամանակակից, բոլոր ստանդարտներին համապատասխան, հաշվի են առնվելու էկոլոգիական բոլոր պայմանները, կանաչ հատվածի  պահպանումը, նաև նոր գեղարվեստական լուսավորման միջոցներ են լինելու»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

 

Leave a comment