Գիտե՞ք ինչ է ուզում անել այս իշխանությունը. -Ուզում է ներշնչել մեզ, որ այնքան անարժանապատիվ ու ողորմելի ազգ ենք, որ այս 8 տարվա իր կործանար…

Գիտե՞ք ինչ է ուզում անել այս իշխանությունը.

-Ուզում է ներշնչել մեզ, որ այնքան անարժանապատիվ ու ողորմելի ազգ ենք, որ այս 8 տարվա իր կործանարար քաղաքականությունից, բազում ձախողումներից հետո մենք գնալու ենք և երրորդ անգամ ընտրենք ապաշնորհների, անպատասխանատուների իրենց խմբակին, որն ամեն ինչին վրադիր նաև մեր թշնամիների հետ կայուն և երկարաժամկետ գործարք է կնքել և պատրաստվում է այդ գործարքն ամեն գնով ավարտին հասցնել: Անգամ եթե դրա գինը պետության ոչնչացումն է…

– Ուզում են մեզ ապացուցել, որ մենք անգաղափար ու ծախու էակներից կազմված մի հանրույթ ենք, որը բացառապես կենդանական բնազդներով է առաջնորդվում` ուտել, քնել, բազմանալ, ֆիզիկական գոյություն պահպանել, վտանգից պաշտպանվել, տաք տեղում ծվարել… և ոչ մի վեհ գաղափար, երազ ու ցանկություն մեզ հասու չէ:

– Ուզում են ապացուցել, որ մեզ դրսից` օտարներն են պարտադրել Արցախի համար 30-ամյա պայքարը, ցեղասպանության մասին հիշողությունները, անկախ պետություն ունենալու երազանքը: Մենք իրականում անհայրենիք, անհիշողություն…բարոյականություն ու սրբություններ չունեցող հանրույթ ենք` զրո արժեքային համակարգով, որի համար լրիվ մեկ է` Արցախը կա, թե ոչ, Սյունիքում հայեր են ապրում, թե ադրբեջանցիներ, Կիրանցի կեսն ենք հանձնել, թե Տիգրանաշենն ամբողջությամբ…

– Ուզում են մեզ ներշնչել, որ 10 հազար դրամ թոշակը, մի 100 հազար դրամ հավելավճարը, մի քանի նորոգված դպրոցը, մեր իսկ հարկերից մեզ վերադարձրած մի քանի գործը բավական են, որ մենք ոչխարի հոտի վերածվենք` մոռանանք պատերազմ ու պարտություն, եռապատկված Եռաբլուրն ու մեր լույս դարձած զոհերին, չնկատենք սահմանին հայտնված թուրքական դրոշները, անտեսենք Ալիևի վայրահաչոցները, չգիտակցենք, թե ինչ աղետի մեջ ենք հայտնվել իրենց 8-ամյա կառավարման արդյունքում և չպատկերացնենք, որ եթե այդ կառավարումը շարունակվի` գուցե այսօրվան էլ ենք վաղը երանի տալու:

– Ուզում են ապացուցել, որ մենք անթասիբ, անուղեղ, սեփական սխալներից երբեք դասեր չքաղող տգետների հասարակություն ենք, որն թույլ է տալիս, որ շարունակ իրեն հիմարացնեն և ամեն անգամ նույն թակարդում է հայտնվում` հավատալով պարզունակ ստերին ու մանիպուլյացիաներին:

Հովհաննես Թումանյանը եթե նորից ծնվեր երևի «Անխելք մարդը» հեքիաթը նորովի կգրեր` «Անխելք ժողովուրդը» վերնագրով…

Source

Leave a comment