ԱՄԷ-ն շաբաթ օրվանից ի վեր 172 իրանական հրթիռ և 755 ԱԹՍ է խոցել, Բահրեյնը՝ 73 հրթիռ որսացել

Քաղաքականություն

03.03.2026 | 21:43

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Իրանի կողմից տարածաշրջանին հարվածներ հասցնելուց ի վեր՝ ի պատասխան Թեհրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների, իրենց հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է 172 հրթիռ, գրում է BBC-ն։

Ըստ խոսնակի՝ արձակվել է, ընդհանուր առմամբ, 186 հրթիռ, որոնցից 13-ն ընկել է ծովը, իսկ մեկը՝ ԱՄԷ-ի տարածքում։ Նախարարությունը հայտնաբերել է ևս 812 իրանական անօդաչու թռչող սարք, հավելել է խոսնակը՝ նշելով, որ ԱՄԷ-ին հաջողվել է որսալ դրանցից 755-ը, 57-ն ընկել է երկրի վրա։

ԱՄԷ-ն նաև հայտնաբերել և ոչնչացրել է 8 թևավոր հրթիռ, որոնք «որոշակի կողմնակի վնասներ են պատճառել, ինչպես նաև հանգեցրել են 3 մարդու մահվան, 68 անձ թեթև վնասվածքներ է ստացել։ Բացի այդ,  «քաղաքացիական օբյեկտներ» են վնասվել։

Բահրեյնի զինվորականները նույնպես հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ շաբաթ օրվանից ի վեր Իրանից արձակված 73 հրթիռ և 91 անօդաչու թռչող սարք են որսացել։

Իրանը մի շարք հարվածներ է հասցրել Բահրեյնին, այդ թվում՝ երկրում գտնվող ԱՄՆ ռազմածովային բազային։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment