Ապագայում մի X պահից շատ խիստ վարչարարություն է գործելու. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։

Կառավարությունից հայտնում են, որ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է 2025 թվականի արդյուքնները

Գործարար միջավայրի միջազգային գնահատականների համատեքստում անդրադարձ է կատարվել Համաշխարհային բանկի Business Ready (B-READY) 2025 զեկույցին։ Նշվել է, որ Հայաստանը ստացել է 66.7 միավոր, ինչը 6.6 միավորով գերազանցում է գնահատված երկրների միջին ցուցանիշը (60.1)։ Ըստ նախարարության կողմից իրականացված վերլուծական հաշվարկների՝ Հայաստանը զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը 101 երկրների շարքում։

Պապոյանը նշել է, որ նախարարությունում կա համակարգ, որը թվայնացված է, սակայն դեռևս դիմումներ ընդունում են նաև թղթային եղանակով։

Այս համատեքստում, Փաշինյանն ասել է․ «Թվայնացման հատվածում մենք մեր տակտիկան հասկացե՞լ ենք, թե որն է այն կետը, որպեսզի ասենք՝ վերջ, մենք թուղթ այլևս չենք ընդունում։ Հաջորդ գործողություն է պետք, դա այն է, որ թուղթ չի մտնում համակարգ։ Պետք է ասել, որ այսինչ օրվանից այս համակարգը թղթային գործառույթի համար փակ է։ Թվայնացումը մեզ համար հետաքրքիր է նաև հետագծելիություն և վերահսկողություն ապահովելու համար»։

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել սպանդանոցային մորթի կազմակերպման գործընթացին և Կառավարության աջակցության ծրագրին։ Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ մինչ այժմ Կառավարության ծրագրից օգտվել է 2 ընկերություն և միաժամանակ կարևորել սպանդանոցային մորթի խստացմանը և խթանմանը միտված քաղաքականությունը։

«Պետք է գնալ և տեսնել՝ արդյոք այդ ընկերությունները գոհ են արդյունքից, թե՝ ոչ, պետք է հաղորդակցություն լինի, այդ թվում՝ նրանց հետ, ովքեր չեն օգտվում։ Նրանք պետք է իմանան, որ այլ միջոցներ են գործելու։ Մոտեցումը կրկին հետևողականությունն է երկու մասով՝ ծրագիրը մոնիթորինգ անել՝ լավարկել, խրախուսման, խթանման մեխանիզմներ ներդնել, բայց հասկանալ, որ դրանք մինչև մի իքս պահն են գործելու և բոլորը պետք է դրա մասին իրազեկված լինեն։ Ապագայում մի X պահից շատ խիստ վարչարարություն է գործելու, բայց մեր առաջին նպատակադրումն այն է, որ ծրագիրը մաքսիմալ կիրառական լինի»,-ասել է Փաշինյանը։

Leave a comment