Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, դատի է տվել իշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանին

Հասարակություն

03.03.2026 | 13:16

Արցախի «Եղնիկներ» անունով հայտնի զորամասի հրամանատար Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, դատի է տվել իշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանին։ Նա դատարանից խնդրում է պարտավորեցնել Ռոման Բաղդասարյանին հրապարակայնորեն հերքել «Facebook» սոցիալական կայքի նրանն պատկանող երկու էջերում իր «պատիվն ու արժանապատվությունը արատավորող» տեղեկությունները։ 

Մասնավորապես, Ջալավյանի հայցի համար հիմք է հանդիսացել Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջում փետրվարի 5-ին հրապարակված տեսանյութը և կից գրառումը, որտեղ նա նշում է, թե «Կարեն Ջալավյանը (Քյոխը) գողացել է զինվորներից սնունդը և նրանց առանց ջրի պահել, Եղնիկներում ծաղրել և նվաստացրել է մեր զինվորներին, սովի է մատնել, ինչպես նաև Քյոխը մարդ է, որը միշտ ատել է Հայաստանից եկած զինվորներին»։

Բարձրաստիճան զինվորականը հերքում է պահանջում հետևյալ բովանդակությամբ.

«Հերքում՝ Կարեն Ջալավյանի (Քյոխի) հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկությունների վերաբերյալ» վերնագրով հանրամատչելի և բոլորին տեսանելի տեսաուղերձ և գրավոր տեքստ հրապարակելով (որը պահպանվում է իր ֆեյսբուքյան էջերում անժամկետ)՝ նշելով հետևյալը. «Ես՝ Ռոման Բաղդասարյանս, հրապարակային հայտարարում եմ, որ 2026 թվականի փետրվարի 5-ին «facebook.com» սոցիալական կայքի էջերումս հայտնած այն տեղեկությունները, թե Կարեն Ջալավյանը (Քյոխը) գողացել է զինվորներից սնունդը և նրանց առանց ջրի պահել, Եղնիկներում ծաղրել և նվաստացրել է մեր զինվորներին, սովի է մատնել, ինչպես նաև Քյոխը մարդ է, որը միշտ ատել է Հայաստանից եկած զինվորներին, բացահայտ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությամբ հերքում եմ իմ կողմից ներկայացված վերը հիշատակված զրպարտչական տեղեկությունները»:

Բացի հերքման պահանջից՝ Կարեն Ջալավյանը պահանջում է նաև Բաղդասարյանից կես միլիոն դրամ բռնագանձել՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։

Քաղաքացիական հայցը վարույթ է ընդունվել փետրվարի 26-ին և մակագրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Ղուկասյանին։

Ռոզա Վարդանյան 

Leave a comment