Պեսկովը նշել է՝ ինչպես կարող են ԱՄՆ-ի հարվածները Իրանին ազդել Ուկրաինայի հարցով բանակցությունների վրա

Քաղաքականություն

02.03.2026 | 17:27

Մոսկվան բաց է մնում Վաշինգտոնի միջնորդությամբ ուկրաինական հարցի շուրջ բանակցությունների համար, բայց ՌԴ-ն առաջին հերթին վստահում է միայն իրեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարող են ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածներն ազդել Ուկրաինայի հարցով ընթացող խաղաղ բանակցությունների վրա, և ինչպես կարելի է վստահել Վաշինգտոնին այս իրադարձություններից հետո։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանն ունի իր շահերը, որոնք պետք է պաշտպանի, և նրա շահերից է բխում՝ շարունակել բանակցությունները ուկրաինական կարգավորման շուրջ։

«Մենք շարունակում ենք բարձր գնահատել Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերը։ Բայց մենք առաջին հերթին վստահում ենք միայն մեզ։ Եվ մենք ենք մեր սեփական շահերը պաշտպանողը»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ հավելելով, որ Մոսկվան ապագայում կառաջնորդվի այս սկզբունքով։

Տնտեսական բանակցությունների վերաբերյալ նա նշել է, որ այս ջանքերն ընթանում են սովորականի պես, միաժամանակ, հիշեցրել, որ դրանք վարում է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment