ՀՀ ԱԳ նախարարը Իրանի իր գործընկերոջ հետ զրույցում ցավակցություն է հայտնել Իրանում զոհվածների ընտանիքներին

Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը


ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:


Այս մասին հայտնում են ԱԳ նախարարությունից։


Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։


Նախարար Միրզոյանն իր ցավակցությունն է հայտնել Իրանում զոհվածների ընտանիքներին՝ ընդգծելով լարվածության թուլացման և խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու կարևորությունները։


Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հումանիտար բնույթի հարցերի:


Իսրայելը փետրվարի 28-ին «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Իրանում լայնածավալ մարտական գործողությունների մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով «պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական վարչակարգից բխող անմիջական սպառնալիքները»:


Նա հայտնել է Իրանի հրթիռային արդյունաբերությունն ու ռազմածովային նավատորմը ոչնչացնելու, ինչպես նաև Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը բացառելու ծրագրերի մասին: Ավելի ուշ իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ:


Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին՝ իր նստավայրին հասցված հարվածի հետևանքով. երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ:


Leave a comment