Քոչարյանի գործով նախկին դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելու մեջ մեղադրվող Նարեկ Մաթաֆյանն ու Սարգիս Օհանջանյանն արդարացվել են

Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելու գործով մեղադրվող Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանն արդարացվել են։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը։ Նշենք, որ Մութաֆյանն ու Օհանջանյանը մեղադրվում էին արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ։

Նարեկ Մութաֆյանին և Սարգիս Օհանջանյանին, ըստ «Դատալեքսում» առկա մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, նախապես տեղեկանալով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Աննա Արտեմի Դանիբեկյանի կողմից ՀՀ արդարադատության ակադեմիայում գտնվելու և դասընթացների մասնակցելու մասին, դատավորի կարծիքի վրա ազդելու նպատակով, 2019թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 16:50-ի սահմաններում, իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով գնացել են Երևան քաղաքի Փիրումյանների փողոցի թիվ 9 հասցեում գործող ՀՀ արդարադատության ակադեմիա, սպասել նշված վայրի բակում, որպեսզի դասընթացների ավարտից հետո հանդիպեն Դանիբեկյանին, հանդիպումը տեսաձայնագրեն և այն ուղիղ կապի միջոցով «փորձենք օգնել ֆեմիդային» վերտառությամբ հոդվածի տեսքով տարածեն համացանցում, սակայն Դանիբեկյանը, խույս տալով վերջիններիցս, դուրս է եկել ակադեմիայի հետևի մուտքից ու հեռացել:

Այնուհետև, նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, շարունակելով իրենց հանցավոր մտադրությունը, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 28 հասցեում գտնվող Կոմիտասի անվան պանթեոնի հարակից այգում հետապնդել են իր բնակության վայր գնացող Դանիբեկյանին և վերջինիս պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելով` հարցրել նրան, թե արդյոք «վնգստացող» դատավորների շարքի՞ն է պատկանում` կապված Ռ. Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի որոշման հետ, որից հետո Նարեկ Մութաֆյանն առաջարկել է նրան ցույց տալ գլխի հատվածը պարզելու համար՝ փայտի հարվածների հետքեր կան նրա գլխին, թե` ոչ, որից հետո փորձել է տեսանկարահանել այդ հատվածը և այդ ամենն իր ու Օհանջանյանի կողմից տեսաձայնագրելու և ուղիղ կապի միջոցով համացանցում տարածելու ձևով ճնշում գործադրելով` միջամտել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատական գործով Դանիբեկյանի կողմից հետագայում կայացվելիք որոշումների արդարացի ընդունման վրա:

Նշենք, որ 2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով դատական համակարգի մասին, ասել էր, թե դատական համակարգն անտեր է, կան դատավորներ, որոնք վնգստում են պատերի տակ ու նոր տերեր փնտրում: ԲԴԽ-ում կազմակերպված ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ԲԴԽ-ն չի արձագանքել վարչապետի այս հայտարարությանը դատական համակարգի մասին, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն ասել է, որ հայտարարությանն արձագանքելու հարցը շատ է քննարկվել, բավական աշխատանք է տարվել մի քանի տեքստի վրա, հետո որոշվել է քաղաքական հայտարարություններին չարձագանքել:

«Ես գտնում եմ, որ միգուցե բառակապակցությունը փոքր-ինչ կոպիտ էր: Պարզ ասեմ՝ դատավորները միշտ կաշկանդված են իրենց կոլեգաների մասին հրապարակային կարծիք հայտնել, բայց երբ իրար հետ են զրուցում, շատ լավ հասկանում են, թե վարչապետն ում նկատի ուներ և ինչի մասին էր խոսքը»,- ասել է Ռուբեն Վարդազարյանը:

Նշված հանգամանքները վկայակոչելով են Մութաֆյանն ու Օհանջանյանը դատավորին հարց տվել վնգստացող դատավորների ցանկում լինել- չլիենելու վերաբերյալ։

Գործով արդարացման դատական ակտը կայացրել է դատավոր Մարտին Արզումանյանը։

Նշենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանն այժմ դատավոր չէ։ ԲԴԽ-ն նրա լիազորությունները դադարեցրել է Քոչարյանի գործով հարուցված կարգապահական վարույթի քննությամբ, և Դանիբեկյանը դիմել է ՄԻԵԴ։

 

Արաքս Մամուլյան

Leave a comment