Facebook-ն արգելափակել է Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջը․ «Մեր ձևով»-ը կատարվածում իշխանական հետք է տեսնում

Քաղաքականություն

02.03.2026 | 14:42

«Նիկոլ Փաշինյանի թույլ կառավարությունը վախենում է նույնիսկ Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից, այնպես, ինչպես վախենում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից»,- այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտարարեց «Մեր ձևով» շարժման ԶԼՄ-ների հետ կապերի պատասխանատու Մարիաննա Ղահրամանյանը` խոսելով Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջի արգելափակման մասին։

«Սա խոսում է նրանց մոտալուտ ձախողման մասին։ Մենք պայքարելու ենք յուրաքանչյուր կազմակերպված հարձակման դեմ ու մեր ձայնը բարձրացնելու ենք բոլոր հարթակներում»,- ասաց նա։

Ղահրամանյանը վստահեցրեց՝ խնդիրը շուտով լուծվելու է, իսկ էջը արգելափակվել է երեկ ուշ երեկոյան։

Տեղեկություն էր տարածվում նաև, որ Նարեկ Կարապետյանի էջն արգելափակվել է հետևորդների շրջանում մեծ քանակի կեղծ օգտահաշիվների առկայության պատճառով։

«Ֆեյքերի ՊՈԱԿ աշխատեցնող իշխանությունը կարող է ցանկացած մեկնաբանություն տալ։ Ես նշեցի այն, ինչ նշեցի»,- ասաց Ղահրամանյանը։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment