Իրանը հարվածել է Բահրեյնում գտնվող Crowne Plaza Manama հյուրանոցին

Քաղաքականություն

01.03.2026 | 16:33

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում գտնվող հինգաստղանի Crowne Plaza հյուրանոցի բազմահարկ շենքը հարվածի տակ է հայտնվել, մարտի 1-ին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը։

Ինչպես գրում է Reuters-ը, հյուրանոցը վնասներ է ստացել Իրանի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Բահրեյնի ՆԳՆ-ում հայտարարել են, որ հյուրանոցին «նյութական վնաս է հասցվել, սակայն մարդկային զոհեր չկան»։

InterContinental Hotels Group-ից, որը տնօրինում է Crowne Plaza ցանցը, CNN-ին հայտնել են, որ հյուրանոցը վնասվել է վաղ առավոտյան տեղի ունեցած «միջադեպի» հետևանքով։

Մարտի 1-ի գիշերը Բահրեյնի ՀՕՊ համակարգերը, ինչպես հայտնել են պետական լրատվամիջոցները, խոցել են առնվազն 45 հրթիռ և ինը անօդաչու թռչող սարք, որոնք արձակվել էին Իրանից։

Մանամայում ԱՄՆ դեսպանատանը CNN-ին հայտնել են, որ տեղի ունեցածի հետևանքով հյուրանոցում կան տուժածներ։

«Մենք Բահրեյնում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին զգուշացնում ենք, որ հյուրանոցները կարող են դառնալ ապագա հարձակումների թիրախ, և խորհուրդ ենք տալիս ԱՄՆ քաղաքացիներին խուսափել Մանամայի հյուրանոցներից»,-հայտարարել են դեսպանատանը։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ էին հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին, ինչին ի պատասխան Թեհրանը սկսել է հրթիռային և անօդաչու հարձակումներ իրականացնել Իսրայելի և Պարսից ծոցի երկրների օբյեկտների վրա։

Leave a comment