Նա հավելել է, որ Իրանի բարձրագույն ղեկավարության «մեծ մասն այլևս չկա»՝ ասելով. «Որոշում կայացնողների մեծ մասն այլևս չկա»։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ այսօր Իրանում իրականացված ռազմական հարվածները «արդեն իսկ հաջողություն են»․ «Մենք ահռելի վնաս ենք հասցրել։ Նրանցից տարիներ կպահանջվեն վերականգնվելու համար»։
Հարցին, թե ով է փոխարինելու Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, Թրամփը պատասխանել է. «Չգիտեմ, բայց ինչ-որ պահի նրանք ինձ կզանգահարեն՝ հարցնելու, թե ես ում կցանկանայի»։
Նա հավելել է. «Մի փոքր հեգնանքով եմ ասում դա»։
Հիշեցնենք՝ փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելն ու ԱՄՆ-ը հարվածներ են հասցրել Իրանին․ գնդակոծության են ենթարկվել օբյեկտներ Թեհրանում, Սպահանում, ինչպես նաև արևմտյան Քերմանշահ նահանգում, Ղոմում, Թավրիզում, Շիրազում, Չաբահարում և այլ բնակավայրերում։
Հարվածների սկսվելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել տեսաուղերձով, որում կոչ է արել իրանական ուժերին «զենքը վայր դնել կամ բախվել անխուսափելի մահվան»։ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի գործողությունների հիմնական նպատակն Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելն է։
Իրանի իշխանությունները խոստացել են տալ «կործանարար» պատասխան՝ հարվածներ հասցնելով Իսրայելի տարածքին, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին:
Դիտումների քանակ10