ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի կնոջը՝ Ռուզաննա Խաչատրյանին վերաբերող գործը մուտք է եղել դատարան փետրվարի 26-ին։ Գործը մակագրվել է դատավոր Արամ Գրիգորյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից։
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Ռուզաննա Խաչատրյանը 2021 թվականի դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել և ղեկավարել է Աննա Բադալյանի և Կարինե Մարգարյանի կողմից քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելը, կազմակերպել և ղեկավարել է Աննա Բադալյանի կողմից քաղաքացիական գործով արգելանքի տակ գտնվող գույքերի նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը, որը դրսևորվել է այդ գույքերն ապօրինի օտարելով, ինչպես նաև, 2022 թվականից մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, իր կողմից ներկայացված հայտարարագրերում թաքցրել է հայտարարագրման ենթակա թվով 2 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը:
Մեղադրանք է առաջադրվել նաև Աննա Բադալյանին և Կարինե Մարգարյանին, որոնք հանդիսանում են Ռուզաննա Խաչատրյանի ազգականները։
Հասմիկ Սարգսյան
—00—ԼԱ