ՆԳՆ ոստիկանության պետը անձնակազմերին է ներկայացրել ենթակա ծառայությունների նորանշանակ ղեկավարներին. տրվել են հանձնարարականներ


ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը ոստիկանության ենթակա ծառայությունների անձնակազմերին է ներկայացրել նորանշանակ ղեկավարներին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:


 


Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով Արթուր Խուդինյանին՝ Կամո Ցուցուլյանը ներկայացրել է Պարեկային ծառայության նորանշանակ պետ Գևորգ Զաքարյանին և մաղթել արդյունավետ աշխատանք։


 


Ոստիկանության պետը նաև Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անձնակազմին է ներկայացրել վարչության պետի պարտականությունները կատարող Կարեն Խաչատրյանին։


 


Կարևորելով բնակչության հետ կապի և համակարգի հանդեպ վստահության ամրապնդման գործում Համայնքային ոստիկանության դերը՝ Կամո Ցուցուլյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Հակոբյանին և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։


 


Քրեական ոստիկանության ծառայողներին ներկայացնելով գլխավոր վարչության նորանշանակ պետ Արթուր Բարսեղյանին՝ Կամո Ցուցուլյանն ընդգծել է հանցավորության դեմ պայքարի և հասարակական անվտանգության ապահովման գործում նրանց առանցքային դերը։


 


Ծառայության ընթացքում արձանագրված արդյունքների համար շնորհակալություն հայտնելով Վարդան Վարդանյանին՝ Կամո Ցուցուլյանը վստահություն է հայտնել, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության նոր ղեկավարի գլխավորությամբ ծառայությունը կշարունակի արդյունավետ աշխատանքը՝ պահպանելով մասնագիտական բարձր նշաձողն ու ծառայողական պատասխանատվությունը։


 


Ոստիկանության պետը նորանշանակ ղեկավարներին հանձնարարել է ակտիվացնել հանցավորության դեմ պայքարի, համայնքների հետ համագործակցության և ճանապարհային անվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքը, ինչը քաղաքացիների համար առավել անվտանգ և ապահով միջավայրի ձևավորման, հասարակական կարգի ամրապնդման և համակարգի նկատմամբ վստահության բարձրացման կարևոր նախապայման է։


 

Leave a comment