Վրաստանը հակառուսական պատժամիջոցներ չի կիրառում, քանի որ դրանք կարող են վնասել հենց Թբիլիսիին, հայտարարել է արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։
«Մենք չենք կարող և չենք կիրառում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ դա գործնականում ոչ մի ազդեցություն չի ունենա Ռուսաստանի վրա, բայց շատ էական ազդեցություն կունենա Վրաստանի վրա», – «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Բոչորիշվիլին։
Նա ընդգծել է, որ երկիրը շարունակում է պահպանել ֆինանսական ոլորտի և սահմանով ապրանքների տեղաշարժի վերաբերյալ միջազգային պատժամիջոցները, սակայն հակառուսական միջոցառումներից հրաժարվելը Թբիլիսիի ռազմավարական որոշումն է։
Հունվարի 29-ին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կամ Ուկրաինա զորքեր ուղարկելու ծրագրեր չկան։ Նա ընդգծել էր, որ Վրաստանը ողջունում է Ուկրաինայի նոր դեսպանի նշանակումը և հույս ունի, որ այս քայլը ազդարարում է Վրաստանի նկատմամբ ուկրաինական իշխանությունների «թշնամական հռետորաբանության» վերանայման մասին։