Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում եկամուտների հայտարարագրման համակարգում

Նախորդ տարի հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ և էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։ Ներդրվել է հայտարարագրերի ինքնաշխատ ներկայացման համակարգ, մասնավորապես հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինը իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա։

Ֆիզիկական անձը կարող է նախալրացված հայտարարագիրը փոփոխել, իսկ փոփոխությունների չենթարկվելու դեպքում հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետի օրը համարվելու է օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված։

Այս շրջանակում նաև սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամների ստացվող, նվազեցվող եկամուտները։ Հայտարարատու ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները զավակները, պապերը, տատերը և թոռները։

Միաժամանակ նախատեսվել է, որ կառավարությունը կարող է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա, այլ եկամուտների տեսակներ կամ շեմեր, այս դեպքում խոսքը արդեն ոչ ընտանիքի անդամ, ոչ ընտանիքի անդամների ստացվող եկամուտների մասին է։

Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող եկամուտների տեսակներ և շեմեր, մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն՝

  • ստացվող վարկերի գումարները՝ առանց գումարային սահմանափակման,
  • ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից՝ մինչև մեկ միլիոն դրամ միանվագ ստացվող փոխառությունների գումարները,
  • ոչ առևտրային կազմակերպություններից՝ միանվագ մինչև մեկ միլիոն դրամ (ներառյալ) անհատույց ստացվող ակտիվները,
  • ժառանգության և նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից՝ միանվագ մինչև մեկ միլիոն դրամ արժեքով ստացվող գույքը և դրամական միջոցները և այլն։

Leave a comment