Եվրոպական միությունում առկա է քաղաքական որոշում՝ «աչք փակել» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանավարման ընթացքում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վրա, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Եվրոպական միությունում ղեկավարության մոտ կա որոշում՝ Նիկոլ Փաշինյանին տալ քարտ-բլանշ, քանի որ նա դրսում ակնհայտ համաձայն է սպասարկել իրենց շահերը, ապա երկրի ներսում ստացել է ինդուլգենցիա՝ անելու այն, ինչ պետք է վերարտադրությունն ապահովելու համար»,-ասել է Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահը նաև նշել է, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների բառապաշարից դուրս է եկել «ազատ և արդար ընտրություններ» ձևակերպումը։ Նրա համոզմամբ՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ «ազատ և արդար ընտրությունների պարագայում Փաշինյանը չի վերընտրվի»։
Աշոտյանը պնդել է, որ Արևմուտքը բացահայտորեն միջամտում է Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ ընդգծելով, որ սա այն իրողությունն է, որի հետ հայ ժողովուրդը պետք է առերեսվի, բայց երբեք չհամակերպվի։