33-ամյա և 44-ամյա անձանց մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ (ՖՈՏՈ)

Հոգեմետ դեղահաբեր, թմրամիջոց օգտագործելու համար նախատեսված պարագաներ և ծալովի դանակ. ոստիկանները թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել. ՖՈՏՈ


ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել։


Ինչպես հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը, քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 23-ին Գյումրիի Մուշ-2 թաղամասի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և իր «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ՝ վարչություն են տեղափոխել 33-ամյա մի երիտասարդի:


Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված, հոգեմետ դեղահաբեր, թմրամիջոց օգտագործելու համար նախատեսված պարագաներ և ծալովի դանակ:


Գյումրիի բնակիչ երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:


Վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել նաև այն մասին, որ Հառիճ գյուղի 44-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում և օգտագործում: Նա ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ տանը մարիխուանա տեսակի թմրամիջոց ունի:


Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 44-ամյա տղամարդու՝ Հառիճում գտնվող տանը կից տաղավարում հայտնաբերվել է 4 փաթեթ՝ ընդհանուր 169 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով:


44-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է նախաքննություն:




Leave a comment