Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու գրասենյակից մոտ 140 հազար դոլար է անհետացել։ Այս մասին գրում է լեհական Do Rzeczy-ը։
«Նախագահի գրասենյակում փոխօգնության վարկային դրամարկղից գումարի գողություն է տեղի ունեցել։ Խոսքը մոտ 500 հազար զլոտիի (մոտ 140 հազար դոլար) գումարի մասին է»,- նշում է լրատվամիջոցը։
Նշվում է, որ նախագահականի աշխատակիցը կեղծ վարկեր է ձևակերպել աշխատակիցների անուններով, այն դեպքում, երբ «գումարն իրականում մտել է իր սեփական գրպանը»:
Հետաքննությունը սկսվել է, երբ տուժածներից մեկը, որի անունով կեղծ վարկ է վերցվել, խնդրել է բացատրել, թե ինչու է իր աշխատավարձը տվյալ ամսում սովորականից ցածր: Միևնույն ժամանակ, չի հստակեցվում, թե արդյոք խարդախությունը տեղի է ունեցել երկրի նախկին ղեկավար Անջեյ Դուդայի նախագահության օրոք, թե վերաբերում է Կարոլ Նավրոցկու նախագահության ժամանակաշրջանին: