ՌԴ-ում հետաքննում են Պավել Դուրովի գործողությունները․ Telegram-ի աշխատանքը սահմանափակվել է
Ռուսաստանի իրավապահ մարմինները հետաքննում են Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի գործողությունները՝ ահաբեկչական գործունեությանը օժանդակելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում (ՌԴ Քրեական օրենսգրքի 205.1 հոդվածի 1.1 մաս)։ Այս մասին հայտնել են «Ռոսիյսկայա գազետա» և «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականները՝ հղում անելով ԱԴԾ նյութերին։Հրապարակումների համաձայն՝ Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից ի վեր մեսենջերի միջոցով երկրում գրանցվել է ավելի քան 153 հազար հանցագործություն, որոնցից շուրջ 33 հազարը՝ դիվերսիոն-ահաբեկչական և ծայրահեղական բնույթի։Մասնավորապես նշվում են պայթյունների կազմակերպման, զինկոմիսարիատների հրկիզումների և սպանությունների դեպքեր։ Պարբերականները պնդում են, որ Telegram-ի միջոցով համակարգված ահաբեկչությունների հետևանքով զոհվել են 9 բարձրաստիճան զինվորականներ։Միաժամանակ, ըստ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի, Telegram-ը չի կատարել «Ռոսկոմնադզորի» պահանջները՝ ավելի քան 154 հազար ալիք, չատ և բոտ հեռացնելու վերաբերյալ։Այս ֆոնին ռուսական իշխանությունները որոշում են կայացրել սահմանափակել մեսենջերի աշխատանքը երկրում։ «Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ՝ Telegram-ի աշխատանքը դանդաղեցվել է շուրջ 55%-ով։«Ռոսկոմնադզորը» հայտարարել է, որ մեսենջերը չի համապատասխանում ռուսական օրենսդրությանը և չի ապահովում քաղաքացիների անվտանգությունը։ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը նշել է, որ Դուրովի հետ նախկին բանակցությունները «ոչ մի լավ բանի չեն հանգեցրել» և ներկայումս չեն ընթանում։
Telegram-ի կամ Պավել Դուրովի կողմից պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի հրապարակվել։