Աշխարհի լավագույն 50 բուհերի շրջանավարտները կարող են ազատվել զինվորական ծառայությունից․ նախագիծ

Փոփոխությունը վերաբերում է Շանհայի վարկանիշավորման ցանկի  առաջին 5 տասնյակի համալսարաններում սովորող ՀՀ քաղաքացիների տարկետմանը և զինվորական ծառայությանը


ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Աշխարհի լավագույն 50 բուհեր ընդունված և զինծառայությունից տարկետում ստացած քաղաքացիները ՀՀ-ում կառավարության կողմից սահմանված ոլորտում աշխատելով, կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:


ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ։


Փոփոխությունը վերաբերում է Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորող ՀՀ քաղաքացիների տարկետմանը և զինվորական ծառայությանը։


Առաջարկվող փոփոխությամբ տարկետում ստացած և նշված բուհերում ուսումնառություն ստացող քաղաքացիները հնարավորություն են ստանալու ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի աշխատել ՀՀ-ում՝ Կառավարության սահմանած գերակա ոլորտում, որից հետո կազատվեն զինվորական ծառայությունից:


«Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում մի շարք աշխատանքային քննարկումներ են եղել, նախագիծը լրամշակվել է, ներկայացված առաջարկների զգալի մասն ընդունվել է, որոշներն էլ կարտացոլվեն օրենքի ընդունմանը հաջորդող ենթաօրենսդրական ակտերում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ներկայացված առաջարկները հիմնականում խմբագրական բնույթի են. բովանդակային փոփոխություններ նախագծում տեղի չեն ունեցել։


Նրա խոսքով՝ քննարկվող նախագծում տեխնիկապես տարանջատվել են զինվորական ծառայությունից ազատման և տարկետման հոդվածները, համապատասխան հոդվածում ազատման մասով կատարվել է խմբագրական փոփոխություն՝ թյուրըմբռնումից խուսափելու նպատակով։ Նախագծով ազատման հոդվածն առանձնացված է նաև անցումային դրույթներում։


«Երկամսյա ժամկետ է սահմանվել օրենքի ընդունումից հետո ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար։ Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ սկսված են, և սիրով պատրաստ ենք քննարկել՝ հստակեցնելով բոլոր կարևոր դրույթները և մանրամասները»,- նշել է նախարարը։


Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Առաջարկվել է այն ներառել ԱԺ առաջիկա լիագումար նիստի օրակարգում:

Leave a comment