Կրեմլը չի ​​հաստատում Ժնևում հաջորդ բանակցությունների ամսաթիվը

Քաղաքականություն

24.02.2026 | 15:51

Կրեմլը դեռևս չի կարող հաստատել Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլի ճշգրիտ ժամանակը։ Ամսաթիվը և վայրը կհայտարարվեն, երբ կողմերը համաձայնության գան, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Այս պահին ես չեմ կարող հաստատել ճշգրիտ ժամանակը, այն դեռևս վերջնականապես պետք է  համաձայնեցնել։ Մենք իսկապես հույս ունենք, որ այս աշխատանքը կշարունակվի, և մենք ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք հաջորդ փուլի ինչպես վայրի, այնպես էլ՝ ժամանակացույցի մասին, երբ կողմերը համաձայնության գան»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա այսպես է  պատասխանել այն հարցին, թե արդյոք Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը պետք է տեղի ունենա Ժնևում այս շաբաթվա վերջին։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել էր, որ փետրվարի 26-27-ին  նախատեսված է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլը։ Նա, սակայն, ընդգծել էր, որ ճշգրիտ ամսաթիվը դեռևս հաստատված չէ։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment