Ուկրաինայում պատերազմի մեկնարկի չորրորդ տարելիցին նվիրված ելույթի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցույց է տվել թաքստոցը, որտեղ անցկացրել է պատերազմի առաջին ամիսները: Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի գոյատևումը միլիոնավոր ուկրաինացիների քաջության, տոկունության և ամենօրյա աշխատանքի արդյունքն է:
Նրա խոսքով՝ չնայած անսահման ցավին և գիշերային ահաբեկչությանը, ուկրաինացիները թույլ չեն տվել, որ զայրույթը կլանի իրենց և շարունակում են այն վերածել ուժի: Նա հավելել է, որ Ռուսաստանը չի կարող հաղթել Ուկրաինային մարտադաշտում, ուստի հարձակվում է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։
Նա շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ Ուկրաինայի կողքին լինելու համար՝ ասելով, որ Կիևը ձգտում է արդար, երկարատև խաղաղության: Զելենսկու խոսքով՝ ցանկացած ապագա համաձայնագիր պետք է ապահովի իրական անվտանգության երաշխիքներ և ընդունվի ուկրաինացի ժողովրդի կողմից:
Միաժամանակ, Financial Times-ի հետ հարցազրույցում նախագահն ասել է, որ Ուկրաինան Եվրամիությունից կոնկրետ որոշումներ է ակնկալում ՝ իր ապագա անդամակցության վերաբերյալ: Ըստ նրա՝ գործընթացի հետաձգումը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում պատերազմի և Ռուսաստանի կողմից ճնշման ֆոնին: Զելենսկու խոսքով՝ ՌԴ ղեկավարությունը փորձում է տարբեր քաղաքական մանևրներ օգտագործել, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ փոխգործակցությունը, որպեսզի թուլացնի բանակցություններում Կիևի դիրքերը։