Կոկաինի գործով նիստը, որով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մեղադրյալ է, հետաձգվեց

Հասարակություն

24.02.2026 | 15:05

Երևանի քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, այսօր նշանակված էր 2023 թվականին հայտնաբերված թմրանյութի գործով դատական նիստը, որի շրջանակներում մեղադրյալ է նաև ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, այժմ՝ հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը։ Վերջինիս նկատմամբ հեռակա վարույթ է իրականացվում։ Նիստին, սակայն, մյուս մեղադրյալները և վերջիններիս պաշտպանները չէին ներկայացել: Դատարանը նրանցից ոմանց բացակայությունը անհարգելի գնահատեց և ստիպված եղավ հետաձգել դատական նիստը:

Հիշեցնենք, որ  ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող «Մրգենի»  ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի՝ բանանի  հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով  Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «կոկաին» տեսակի թմրամիջոց՝ շուրջ 250 միլիոն եվրո արժողությամբ։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր, որ թմրամիջոցը մոտ 1 տոննա է։

Բացի Միհրան Պողոսյանից գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև «Մրգենի» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Աթաջանյանը, նույն ընկերության գնումների և ներմուծումների բաժնի պետ Մելիտա Ղազարյանը, Սամվել Գալուստյանը  և Գագիկ Բադալյանը:

Նրանք մեղադրվում են նախնական համաձայնությամբ, իրացման նպատակով, առանձնապես խոշոր չափերով «Կոկաին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև մաքսային հսկողությունից թաքցնելով` ՀՀ պետական սահմանով ապօրինի առանձնապես խոշոր չափերով (788 կգ) «Կոկաին» տեսակի թմրամիջոց տեղափոխելու համար:

Այսինքն՝ թեև ի սկզբանե հայտարարվել է մոտ 1 տոննա կոկաին հայտնաբերելու մասին՝ քրեական վարույթում դրա քաշը նշված է 788 կգ։

 

Արաքս Մամուլյան

Leave a comment