Թեհրանն ու Բաքուն համապարփակ համագործակցության փաստաթուղթ են ստորագրել

Քաղաքականություն

24.02.2026 | 14:44

Իրանը և Ադրբեջանը Բաքվում կայացած 17-րդ համատեղ տնտեսական հանձնաժողովի նիստում ստորագրել են համապարփակ համագործակցության փաստաթուղթ, որը ուրվագծում է համագործակցությունը 10 հիմնական ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի, էլեկտրաէներգիայի, ջրային ռեսուրսների, տնտեսական, մշակութային և սոցիալական, գրում է իրանական Mehr-ը։

Հուշագիրը ստորագրել են Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:

Տրանսպորտի ոլորտում երկու կողմերը քննարկել և համաձայնության են եկել տրանսպորտի, սահմանային կառավարման և երկաթուղային կապերի ընդլայնման վերաբերյալ։

Էներգետիկայի ոլորտում հաստատվել է առաջին և երկրորդ նավթային բլոկների շուրջ համագործակցությունը, ինչպես նաև համատեղ աշխատանքային խմբի ստեղծումը: Էլեկտրաէներգիայի ոլորտում կողմերը համաձայնության են եկել Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի էլեկտրացանցերի միացման, ինչպես նաև ադրբեջանական էլեկտրաէներգիայի Իրան արտահանման վերաբերյալ։

Ենթակառուցվածքներից և էներգետիկայից զատ, երկու երկրները համաձայնության են եկել նաև այլ ոլորտներում, այդ թվում՝ սպորտի և երիտասարդության, մշակութային և սոցիալական համագործակցության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, մաքսային ծառայության, արդյունաբերության և ներդրումների ոլորտներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment