Ռուսաստանի Պսկովի մարզում մարդատար ավտոմեքենան բախվել է բեռնատար գնացքի. կա 3 զոհ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի Պսկովի մարզում մարդատար ավտոմեքենան երկաթուղային գծանցի վրա դուրս է եկել բեռնատար գնացքի դիմաց։ Մեքենայի երեք ուղևոր զոհվել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Օկտյաբրսկայա երկաթուղուն։
«Այսօր ժամը 10:05-ին Օկտյաբրսկայա երկաթուղու Սամոլուկովո – Նասվա հատվածում գտնվող երկաթուղային գծանցի վրա վարորդը, անտեսելով ազդանշանային համակարգի արգելող նշանները, դուրս է եկել գծերի վրա՝ մոտեցող թիվ 9401 բեռնատար գնացքի դիմաց»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գնացքի մեքենավարը դիմել է հարկադիր արգելակման, սակայն տարածությունը բավարար չի եղել, և բախումից խուսափել չի հաջողվել։
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով մեքենայի երեք ուղևոր զոհվել է, վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Լոկոմոտիվային բրիգադը բժշկական օգնության չի դիմել։
Ըստ Օկտյաբրսկայա երկաթուղու, վթարը չի ազդել մարդատար գնացքների երթևեկության վրա։