Ինչպես հայտնել էինք, Սևանում փետրվարի 21-ին սպանվել է Տավուշի մարզի Վերին Ծաղկավան համայնքի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արամ Խաչատրյանը:
«Արամ Խաչատրյանը շատ լավ ընտանիքի տղա էր, երկու եղբայր էին, մեծն ինքն էր: «Պաշտպան հայրենյաց» ծրագրով մեր համայնքի մոտ զորամասում էր ծառայում: Հինգշաբթի օրն իջել է զորամասից, ուրբաթ օրը տանն է մնացել, շաբաթ օրն էլ գնացել Սևան ու դանակահարվել»,- «Նյուզ»-ի եթերում ասել է Վերին Ծաղկավանի համայնքապետը:
Բնակիչները պնդում են, որ երիտասարդը չէր կարող վատ բան արած լինել: «Հետը վարորդ է եղել, մեր լսած լուրերով, նա մեքենայի մեջ է եղել, չի էլ մտածել, որ կարող է մահվան ու կյանքի հարց լինել: Չէր կարող էդ երեխան ինչ-որ վատ քայլ, վատ բան աներ, ծնողներն էլ շատ խելոք, նորմալ ժողովուրդ են: Մեր իմանալով՝ զանգել են, կանչել, բայց պատճառը չգիտենք»,- նշում են Վերին Ծաղկավանցիները:
Մեկ այլ բնակիչ էլ հայտնել է. «Կանչել ա ղրաղ էդ երեխուն, ասել ա՝ առանձնանաք, ձեռը գցել ա ուսովը ու էդ պահին խփել…»:
Թե որն է եղել դանակահարության պատճառը, գյուղացիները չգիտեն: