Փրկարարական ստորաբաժանումները վերազինվել են հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներով․ Արամ Ղազարյանն այցելել է Երևան քաղաքի փրկարարական վարչություն


ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը փետրվարի 20-ին այցելել է Երևան քաղաքի փրկարարական վարչություն՝ ծանոթանալու ծառայության կազմակերպման ընթացքին, անձնակազմի պատրաստվածությանն ու օպերատիվ արձագանքման կարողություններին։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:


 


ՓԾ տնօրենը, տնօրենի տեղակալների ուղեկցությամբ, շրջել է վարչության տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, նաև այցելել է թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատ։


 


Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանը Ծառայության տնօրենին է ներկայացրել ստորաբաժանման տեխնիկական միջոցները, ինչպես նաև ծառայության ընթացքում հանդիպող խնդիրները։


 


Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական 4 ջոկատ վերազինվել է մեքենաներով։ Արամ Ղազարյանը ծանոթացել է մեքենաների տեխնիկական բնութագրերին և հնարավորություններին՝ ընդգծելով, որ ժամանակակից ավտոմեքենաների շահագործումը կնպաստի Ծառայության օպերատիվ կարողությունների ու արձագանքման արդյունավետության բարձրացմանը։


 


Արամ Ղազարյանը դրական գնահատելով արձանագրված ցուցանիշները՝ անդրադարձել է նաև Փրկարար ծառայության վերափոխման հայեցակարգային մոտեցումներին, կարևորել անձնակազմի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումն ու վերապատրաստման գործընթացները։


 


ՆԳՆ-ից հիշեցնում են, որ ներդրումային ծրագրի շրջանակում ձեռք են բերվել հրշեջ-փրկարարական և արագ արձագանքման մեքենաներ, ինչի նպատակով պետական բյուջեից շուրջ 640 միլիոն դրամ է ծախսվել։

Leave a comment