Երևանի կենտրոնի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «Բաբիկ-90» արտադրական կոոպերատիվին պատկանող մսամթերքի արտադրամասում: Լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են արտադրատեսակներ (ապրանքանիշը՝ «DG»), որոնք չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Մասնավորապես, «կոտլետ հավի կիևյան, սառեցված մսային աղացած կիսապատրաստվածքներ» արտադրատեսակի նմուշը ցույց է տվել «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «Մոսկովյան երշիկ» կիսաապխտած երշիկ մսային պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaNO2-ի»:
Այս խախտումների պատճառով մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, իսկ «Բաբիկ-90» արտադրական կոոպերատիվի տնօրենին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր: Տնօրենին տրվել է նաեւ ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: