Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ երեքը

Քաղաքականություն

23.02.2026 | 13:55

Ռուսական զորքերը փետրվարի 23-ի գիշերը հարվածել են Օդեսայի մարզին, զոհվել է երկու մարդ, հայտնում է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը, գրում է Current time-ը։ Զոհվածներից մեկը 20-ամյա կին է, մյուսը՝ մոտ 45 տարեկան տղամարդ։ Վիրավորվել է նաև երեք մարդ, որոնցից երկուսը ծանր վիճակում է։ Կիպերի խոսքով՝ հարձակման հետևանքով վնասվել են արտադրական և պահեստային օբյեկտներ, վարչական շենքեր, ավտոսրահ և տրանսպորտային միջոցներ։ Բացի այդ՝ մեկ անօդաչու թռչող սարք հարվածել է բազմահարկ շենքի բնակարանի, բայց չի պայթել։

Զապորոժիեի տարածաշրջանային ռազմական վարչակազմի  ղեկավար Իվան Ֆեդորովը հայտնում է, որ հարվածի հետևանքով վնասվել է արդյունաբերական ենթակառուցվածքային օբյեկտ, զոհվել է մեկ մարդ, կա նաև վիրավոր։ Խարկովում, ըստ Խարկովի տարածաշրջանային ռազմական վարչակազմի  ղեկավար  Օլեգ Սինեգուբովի, ռուսական հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնում են, որ գիշերը ռուսական ուժերը հարված են հասցրել «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով և 126 անօդաչու թռչող սարքերով, ԱԹՍ-ներից 105-ը խոցվել է։ Նշվում է, որ բալիստիկ հրթիռի և 20 հարվածային  անօդաչու թռչող սարքի հարվածները գրանցվել են 11 վայրերում, ինչպես նաև՝ խոցված անօդաչու թռչող սարքերի անկումը մեկ վայրում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment