Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Նախօրեին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 19։35-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122 կմ հատվածում, Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 35-ամյա Գ. Հ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը անթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 60-ամյա Ծ. Ս․-ին։
Ինչպես հայտնում է կայքը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը։
Մինչ պարեկները սահմանազատել էին տարածքը, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Դեպքի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՔԿ-ի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։