Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենք իրենց, գուցե նաեւ մեզ, համոզել, որ` «ամեն իշխանություն էլ թերություններ ունի, դուք միայն վատն եք տեսնում, լավ բաները չեք տեսնում…չարացել, սևեռվել եք Նիկոլի վրա, սուբյեկտիվ եք», առաջարկում եմ մրցույթ կազմակերպենք` բաթլ: Մենք թվարկենք այն բոլոր վատ բաները, որոնք պատահել են մեզ հետ վերջին 8 տարում, դուք թվարկեք բոլոր լավ բաները: Տեսնենք` ով կհաղթի: Եթե մեր թվարկած 10 վատի դիմաց գեթ 1 լավ բան թվարկեք, հաղթանակը ձերն է, մենք էլ «չար ենք ու նախանձ»:
Իհարկե մի պայմանով, որ չեք ասելու` «պարտվեցինք, բայց հաղթեցինք», «Արցախը տվինք, Հայաստանը գտանք», «Կիրանցի պատն աննախադեպ ձեռքբերում է», «ծայրագավառից դարձել ենք կենտրոն», «Հայաստանն ապրում է իր վերջին 500 տարվա լավագույն շրջանը», «Հայաստանն այսօր ինքնիշխան է, քան երբևէ, անկախ է, քան երբևէ, ազատ է, քան երբևէ», «Թրիփը 100 տարվա անվտանգության երաշխիք է և դրանով միլիարդներ են հոսելու Հայաստան» և ուրիշ նման անհեթեթություններ:
Եթե կարող եք ադեկվատ մարդու լեզվով խոսել եւ ռեալ փաստեր թվարկել` որևէ հաջողություն նշելով, սիրով կլսենք ձեզ: Իսկ մենք կարող ենք անհաջողությունների, կորուստների, ձախողումների հատորյակներ թվարկել:
Ի՞նչ հակափաստեր պիտի բերեք, որ ավելի զորեղ լինեն, քան սրանք.
Արցախը կորցրինք, 5 հազար ջահել- ջիվան դրեցինք հողը, Գորիս-Կապան միջպետական ուղին հանձնեցիք, Տավուշից հողեր տվեցիք ու Կիրանցը կիսեցիք, իսկ մեզ խոստացված հողերը` հարակից տարածքից այդպես էլ չստացանք: Բաքվում դատվող գերիներ ունենք:
Ոչ մի արտադրություն այս տարիներին չի կառուցվել, ոչ մի ստրատեգիական օբյեկտ չի հանձնվել: Անգամ «Նյու Վասյուկի» Ակադեմքաղաքի մասին արդեն չեն խոսում, իսկ 300 դպրոց-500 մանկապարտեզ ծրագիրը ուշացրել են, ձախողել են, մի քանի նորոգված դպրոցի կողքին տասնյակ դպրոցներ են փակել: 8 միլիարդով ավելացել է պետական պարտքը: Մարդու իրավունքների ասպարեզում գահավիժել ենք, հասել Բուրկինա Ֆասոյի նշաձողին` բանտերում սրբազաններ, խոսքի համար վարույթներ, կաթողիկոսին ուղղված սպառնալիքներ, եպիսկոպոսների նկատմամբ խայտառակ խափանման միջոցներ: Դատախազություն, Քննչական ու Հակակոռուպցիոն կոմիտեներ` զբաղված են քաղաքական հետապնդումներով: Դատարաններն արդեն հոգեւոր դաշտ են մտել: Բանտերում ասեղ գցելու տեղ չկա, իսկ դրսում վենդետաներ են, արյունահեղություն, համայնքապետ է սպանվում, ՏԻՄ ընտրությունների արդյունքներ են ոտնահարվում, ընդդիմադիր համայնքապետեր են կալանավորվում:
Օդի աղտոտվածությունը, ատելության խոսքը և սպառողական գները հասել են առասպելական չափերի: Քաղաքացին տուգանքի մատերիալ է: Հարկային բեռը աճում է ու աճում: Անգամ իրենց միակ ձեռքբերումը` ասֆալտը ձյան հետ հալվեց- գնաց…Շարքը դուք շարունակեք:
ՀԳ Նկարում մեր սիրուն, մեր սրտի Ստեփանակերտն է, ռազմական շքերթ է: Որ սրանք ոչ մի վնաս տված չլինեին հայ ժողովրդին, կորսված Արցախը բավական կլիներ, որ իրենց անունները սևով գրվի պատմության մեջ: Եվ հիշեք` ամեն իշխանություն պատասխանատու է իր ժամանակ տեղի ունեցած կորուստների համար: Ամեն իշխանություն փառաբանվում է իր ժամանակ արձանագրված ձեռքբերումների համար: