Ռուս-վրացական անցակետում օրեր շարունակ սպասող վարորդներին չի տրվում որևէ բացատրություն․ ահազանգ

Ինձ հետ կապ են հաստատել հայկական բեռնատարների վարորդները՝ հայտնելով, որ փետրվարի 12-ից խոչընդոտվում է վերջիններիս մուտքը Վրաստանից Հայաստան։ Ռուս-վրացական անցակետում օրեր շարունակ սպասող վարորդներին չի տրվում որևէ բացատրություն․ միայն ասում են՝ վերևից է իրենց նման հրաման իջեցվել։ Ահազանգել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ժամ առ ժամ բեռնատարների քանակն ավելանում է։

Սա անթույլատրելի վերաբերմունք է։ Որքա՞ն կարող են ցրտի, ձյան, անմարդկային պայմաններում սպասել մեր հայրենակիցները։

Արդեն տասներորդ օրն է, ինչ նման իրավիճակ է ստեղծվել։ Ի՞նչ են մտածում պատկան մարմինները, որոնք ժամ առաջ պետք է կապ հաստատեին վրացական կողմի հետ՝ պահանջելով լուծել խնդիրը։ Նման կամայական որոշումներն ու մեր իշխանությունների անգործությունը լրացուցիչ խնդիրներ են ստեղծելու հայ֊վրացական հարաբերություններում։

Ի վերջո, պետք է վերջնականապես լուծել հայկական բեռնատարների վարորդներին՝ առանց որևէ հիմնավորման Հայաստան մուտք գործելն արգելելու հարցը։ Տարիներ շարունակ մեր կողմից բարձրաձայնվող այս հարցն այդպես էլ լուծում չի ստանում»։

Ավելի վաղ 24news-ը հայտնել է՝ վրացիները վերցրել են տասնյակ հայկական ֆուռերի վարորդների թղթերն ու չեն թողնում գալ ՀՀ։

Հարյուրին մոտ հայկական բեռնատարներ, որոնք ՀՀ են տեղափոխում ՌԴ-ից փայտի հետ կապված արտադրանք, փետրվարի 12-ից մնացել են Վրաստանում։ Ինչպես 24News-ին փոխանցեց ներմուծող ընկերություններից մեկում աշխատող զրուցակիցներից մեկը փետրվարի 12-ից նրանց ձեռքից վերցրել են բոլոր տեսակի փաստաթղթերը և թույլ չեն տալիս մեկնել Հայաստան՝ չտալով որևէ բացատրություն։

Տեսանյութը՝ հղմամբ։ 

Leave a comment