12 անձի նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ-ն Աջափնյակի դեպքի մասին մանրամասներ է հայտնել

Երևանի 40-ից ավելի հասցեներում կատարվել են միաժամանակյա խուզարկություններ, հայտնել է ՔԿ-ն


ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ։


Այս մասին հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեն։


Ըստ հաղորդագրության, 2026 թ.-ի փետրվարի 18-ին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթով մեծաթիվ քննիչներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև դեպքին մասնակցած անձանց հիմնական շրջանակը:


Նշվում է, որ կատարված նախաքննությամբ պարզվել է հրազենի գործադրմամբ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով մեկ անձի սպանություն, ինչպես նաև նույն եղանակով 7 անձանց նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը, ում նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, (սպանություն այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կողմից), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (7 դրվագ), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն պահելը, իրացնելը, կրելը։


Բացի այդ, քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում անհատականացվել են զինված միջադեպի մասնակից մի շարք անձինք:


11 անձի նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում:


Երևանի 40-ից ավելի հասցեներում կատարվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քննության համար նշանակություն ունեցող իրեր, առարկաներ:


«Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքին մասնակցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։


 Փետրվարի 18-ին կրակոցներ են հնչել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում։ ՆԳՆ ոստիկանության տվյալներով՝ միջադեպի հետևանքով մեկ անձ մահացել է, վիրավորները տեղափոխվել են Երևանի տարբեր բժշկական կենտրոններ։


 Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:


Նշվել է, որ երեքի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր:


Ոստիկանությունը պարզել է միջադեպի բոլոր մասնակից անձանց շրջանակը և միջոցներ է ձեռնարկում նրանց հայտնաբերելու ուղղությամբ:


Նախօրեին «Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ միջադեպի առթիվ ձերբակալման որոշում է կայացվել մեկ անձի նկատմամբ։

Leave a comment