Երևանի թիվ 143 մանկապարտեզի սաների ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել։ Նրանք բողոքում են, որ տնօրենի նախկին պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը, որը երեխաներին հատկացված սննդի յուրացումների, կաշառք ստանալու, աշխատավարձերի յուրացման դրվագներով է անցնում, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, ՔՊ–ական Տիգրան Գաբրիելյանի՝ փետրվարի 19-ի կարգադրությամբ վերանշանակվել է նախկին աշխատանքին: Այս մասին հայտնում է «Նյուզ»-ը
«Իրավիճակը մանկապարտեզում լարված է։ Տնօրեն Ռուզաննա Դանիելյանը ընդունեց ծնողներին, որոնցից մեկը նշեց. «Դուք ձեր դեմ հարուցված քրեական գործի մասին ի՞նչ կասեք, մեզ բոլորիս մտահոգում է դա։ Նորմա՞լ է, որ մեր երեխաները լարվածության մեջ մնան»։
Տնօրենը հրաժարվեց խոսել լրագրողների ներկայությամբ, ասաց, որ ուզում է հանդիպել միայն ծնողների հետ և դուրս եկավ սենյակից։
Հիշեցնենք, որ ներկայումս Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 435 և 436-րդ հոդվածների 1-ին մասերով, ինչպես նաև 256 -րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական վարույթը: Խոսքը կաշառք ստանալու, կաշառք տալու և իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ վստահված գույքը հափշտակելու հանցակազմերի մասին է։
Այս գործով Ռ. Դանիելյանի դեմ հաղորդում են ներկայացրել մեկ տասնյակից աշխատակիցներ:
Թե ինչ կարգավիճակ ունի այս գործով Ռ. Դանիելյանը, Հակակոռուպցիոն կամիտեն դեռևս չի հայտնել»,- գրել է լրատվամիջոցը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ 2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում մանկապարտեզում աղաղակող խախտումներ էին բացահայտվել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։