Մարկ Ցուկերբերգը դատարանում ցուցմունք է տվել սոցցանցերից երեխաների կախվածության գործով

Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ցուցմունք է տվել Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանում՝ Meta-ի և YouTube-ի դեմ սոցիալական ցանցերից երեխաների կախվածության գործով, գրում է The Insider-ը։

Սա Միացյալ Նահանգներում անչափահասների, նրանց ընտանիքների, դպրոցական խորհուրդների և նահանգների գլխավոր դատախազների կողմից ներկայացված նմանատիպ դատական ​​​​հայցերի շարքի առաջինն է: Հայցվորները պնդում են, որ սոցիալական ցանցերը կախվածություն են առաջացնում, նման ծխախոտին կամ առցանց խաղատներին: Ընկերությունները հերքում են մեղադրանքները:

Քալիֆորնիայի 20-ամյա բնակչուհին (գործի նյութերում նույնականացված է որպես K.G.M.) դատական ​​​​հայց է ներկայացրել YouTube-ի, TikTok-ի, Snap-ի և Meta-ի դեմ՝ պնդելով, որ ընկերությունները մշակել են իրենց հավելվածները՝ խրախուսելու դրանց հարկադրական օգտագործումը, ինչը իր դեպքում հանգեցրել է դեպրեսիայի, անհանգստության, սննդային խանգարումների և ինքնավնասման: Հայցվորը համաձայնության է եկել Snap-ի և TikTok-ի հետ, որի պայմանները չեն բացահայտվում։

K.G.M.-ի փաստաբան Մարկ Լանիերի պնդմամբ՝ Instagram-ը և YouTube-ը ստեղծվել են որպես «թվային խաղատներ», որոնք շահույթ են ստանում կախվածությունից: Դատարանում ներկայացվել են Meta-ի և Google-ի ներքին փաստաթղթեր, որոնք համեմատում են տեխնոլոգիաները խաղամոլության, ծխախոտի և թմրանյութերի հետ: 2015 թվականի մի հուշագրում Ցուկերբերգը կոչ էր արել ղեկավարներին առաջնահերթություն տալ դեռահասների կողմից Meta հավելվածներում անցկացրած ժամանակի ավելացմանը: Մեկ այլ նամակում նշվում էր, որ 13 տարեկանից փոքր 4 միլիոն երեխա օգտագործում է Instagram-ը, չնայած նրանց արգելվում է հաշիվներ ստեղծել:

Meta-ն պնդում է, որ հայցվորի հոգեկան առողջության խնդիրները պայմանավորված են բռնությամբ և ընտանեկան դիսֆունկցիայով։ Ընկերությունը ներկայացրել է հայցվորի բժշկական գրառումները՝ ցույց տալու համար, որ սոցիալական ցանցերից կախվածությունը հոգեբանի հետ նրա հանդիպումների հիմնական նպատակը չէր։

Ցուկերբերգի պատասխանը կարճ է եղել։ Նա հերքել է մեղադրանքները՝ նշելով, որ ընկերությունը չի շահագործում խոցելի օգտատերերին և ձգտում է օգուտ բերել իր լսարանին։ Նա հավելել է, որ օգտատերերը շատ ժամանակ են անցկացնում Instagram-ում՝ ապրանքի արժեքի պատճառով։ Միլիարդատերը նաև կասկածի տակ դրել տասնամյակ առաջվա փաստաթղթերի վավերականությունը և ընդգծել, որ Meta-ն աշխատում է օգտատերերի տարիքը ստուգելու ուղղությամբ։

Դատավարությունը գրավել է  իրավունքների երեխաների պաշտպանության կազմակերպությունների և տասնյակ ծնողների ուշադրությունը, որոնք պնդում են, որ իրենց երեխաներին վնաս են հասցրել կամ նույնիսկ սպանել սոցիալական ցանցերը: Դատարանի շենքի դիմաց ամբոխ է հավաքվել: Նախատեսվում է, որ լսումները կշարունակվեն մինչև մարտ ամիսը:

Լոս Անջելեսի այս դատական ​​​​հայցի արդյունքը կծառայի որպես ուղեցույց դատավորների համար, որոնք քննարկում են հազարավոր նմանատիպ դատական ​​​​հայցեր: Նման դատական ​​​​հայցերից մեկում 29 նահանգների գլխավոր դատախազներ պահանջել են, որ Meta-ն անհապաղ փոխի իր գործելակերպը: Նրանք խնդրում են ջնջել 13 տարեկանից փոքր օգտատերերի բոլոր Instagram և Facebook հաշիվները, ջնջել նրանց մասին հավաքված տվյալները և անջատել այս տեղեկատվությունն օգտագործող ալգորիթմներն ու արհեստական ​​​​բանականության գործիքները։

Սպառողների պաշտպանության մասին օրենքների համաձայն ներկայացված մեկ այլ դատական ​​​​հայցում 18 նահանգների գլխավոր դատախազներ պահանջում են արգելել անչափահասներին օգտագործել սոցիալական ցանցերը դպրոցական ժամերին և գիշերը, անջատել «կախվածություն առաջացնող» գործառույթները, ինչպիսին են տեսանյութերի ավտոմատ նվագարկումը, և հեռացնել ֆիլտրերը, որոնք, նրանց պնդմամբ, աղավաղում են արտաքին տեսքի  մասին ընկալումները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment