«0 կանխիկ շրջանառություն» Հայաստանում չկա․ կենսաթոշակների մասին Աղվան Վարդանյանի պնդումները մանիպուլյատիվ են

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ օրերս ներկայացրել էր իր և քաղաքացու հանդիպումից մի դրվագ, որտեղ պատգամավորի ներկայացմամբ, մարդը դժգոհել է կենսաթոշակն անկանխիկ ստանալու նոր քաղաքականությունից․ «Մի մարդ մոտեցել է, ասում է՝ լավ, ո՞նց անեմ, թոշակառու եմ, ասում են՝ պիտի մենակ անկանխիկ ստանաս թոշակդ ապրիլի 1-ից։ Ասում ա՝ գնում եմ թաղում, հարևանից կաթ առնեմ, ես ո՞նց անեմ։ Ցանկացած երկրում փողի առնվազն 15-20 տոկոսը կանխիկ շրջանառվում է, սա (նկատի ունի վարչապետին-խմբ․) եկել, ասում ա՝ չէ, 0 կանխիկ շրջանառություն, կանխիկ փող չպետք է լինի»։

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ Աղվան Վարդանյանը մանիպուլյատիվ պնդումներ է արել՝ խեղաթյուրելով իրական փաստերը։ 

Որևէ իրավական ակտով չի արգելվում քաղաքացուն կանխիկ դրամ պահել կամ դրանով առևտուր անել խանութներում։ Թոշակառուների դեպքում համակարգը գործում է շատ պարզ. գումարը փոխանցվում է բանկային քարտին, սակայն քաղաքացին ունի լիարժեք իրավունք ցանկացած պահի մոտենալ բանկոմատին, կանխիկացնել իր հասանելիք գումարը և գնել հաց կամ ցանկացած այլ ապրանք կանխիկ գումարով։

Հայաստանում կենսաթոշակները նախկինում ստանում էին կանխիկ գումարով՝ «ՀայՓոստի» մասնաճյուղերում, հերթում երկար սպասելուց հետո։ 2021 թվականից ներդրվել է կենսաթոշակների բացառապես անկանխիկ վճարման համակարգը՝ սկզբում Երևան, Գյումրի, Վանաձոր, Վաղարշապատ քաղաքներում, այնուհետև ծրագիրը տարածում ունեցավ։

Իսկ կենսաթոշակի աճը Հայաստանում ապահովվում է հետվճարի համակարգով։ Ստացվում էր մի իրավիճակ, երբ անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուները հետվճարի համակարգից չէին օգտվում, հետևաբար որոշվել էր, որ բոլոր կենսաթոշակառուներին պետք է տեղափոխել անկանխիկի դաշտ։ 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի տվյալներով՝ շուրջ 25 հազար քաղաքացի այս պահին կանխիկ է ստանում իր կենսաթոշակը։ Սակայն ապրիլի 1-ից նրանք բոլորը պետք է անցնեն անկանխիկ եղանակի։ 

Պատգամավորը նաև պնդել էր, թե «ցանկացած երկրում փողի առնվազն 15-20%-ը կանխիկ շրջանառվում ա»։ FIP.am-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ժամանակակից տնտեսական վիճակագրությունը փաստում է հակառակը։ Պնդումը հերքվում է հենց զարգացած երկրների կենտրոնական բանկերի հրապարակած տվյալներով։

Ահա մի քանի օրինակ․

  • Նորվեգիա (3%). ըստ Նորվեգիայի կենտրոնական բանկի (Norges Bank) 2023 թվականի զեկույցի՝ վճարումների միայն 3%-ն է իրականացվում կանխիկով։ 
  • Շվեդիա (8%). Շվեդիայի Ռիկսբանկի (Sveriges Riksbank) տվյալներով՝ շվեդների միայն 8%-ն է իր վերջին գնումը կատարել կանխիկով։ Այստեղ անկանխիկը վաղուց դարձել է կենսակերպ։
  • Միացյալ Թագավորություն (12%). UK Finance-ի Payment Markets Report 2023 զեկույցը փաստում է, որ Մեծ Բրիտանիայում կանխիկ գործարքների մասնաբաժինը կազմել է 12%։

Պատգամավորը, ըստ էության, համադրում է երկու տարբեր երևույթ՝ կենսաթոշակների անկանխիկ վճարումը և այն, թե տնտեսությունից կանխիկն իբր լիակատար վերացնելու քաղաքականություն է վարում կառավարությունը։ Մյուս կողմից հայտարարելով, թե «ցանկացած երկրում փողի առնվազն 15-20%-ը կանխիկ շրջանառվում ա», չի հստակեցնում՝ խոսքը վճարումների քանակի՞, թե՞ դրամաշրջանառության մասին է։

Այսպիսով, Աղվան Վարդանյանը խեղաթյուրում է իրականությունը՝ կենսաթոշակների անկանխիկ վճարումը ներկայացնելով որպես կանխիկի վերացում, հետևաբար պատգամավորի պնդումները մանիպուլյատիվ են և չեն համապատասխանում իրականությանը: Հայաստանում կախիկ դրամաշրջանառությունը չի արգելվում։

Մանե Հեպոյան

The post «0 կանխիկ շրջանառություն» Հայաստանում չկա․ կենսաթոշակների մասին Աղվան Վարդանյանի պնդումները մանիպուլյատիվ են appeared first on FIP.AM.

Leave a comment