«Կեղծ մթնոլորտ է կառուցվում հայ-ամերիկյան հարաբերությունների շուրջ»․ Հակոբ Բադալյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Շատ օգտատերեր են հարց տալիս, թե լավ՝ մի՞թե Վենսի այցելության մեջ մի օգտակար բան չկա, եթե հիմնականում մատնացույց եք անում խնդիրները:

Այստեղ շատ կարևոր է արձանագրել՝ օգտակարություն պետք է փնտրել այնտեղ, որտեղ կեղծիքը կա’մ բացակայում է ընդհանրապես, կա’մ հասցվում է նվազագույնի: Եթե մի բանի շուրջ ստեղծվում է կեղծիքի գերակայություն, այն չի կարող լինել օգտակար:

Բերեմ ամենավառ օրինակներից մեկը՝ հայ-ռուսական հարաբերության գրեթե երկու տասնամյակի պատմությունը: Դրա շուրջ հետևողականորեն ստեղծվում էր հենց կեղծ պատկերացում ու մթնոլորտ՝ անամպ, հարթ, կարագի նման սահուն հարաբերության տպավորություն, որի վերաբերյալ որևէ խնդիր մատնացույց անողները հռչակվում էին արևմտյան գործակալ, հակառուս, և այլն: Ի՞նչ եղավ «հանրագումարում»: Այդ մթնոլորտից յուրովի օգտվեցին բոլորը՝ Հայաստանի իշխանությունը, Արևմուտքը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանի առանձին քաղաքական ու «փորձագիտական» շրջանակներ, անգամ Ռուսաստանը, և միայն Հայաստանը ու նաև Արցախն էին, որ պարզապես հայտնվեցին այդ կեղծ մթնոլորտի ծուղակում:

Մինչդեռ, եթե գերակա լիներ հայ-ռուսական հարաբերության շուրջ քննական մտածողությունը, եթե կենացների ու հավատարմության, բարեկամության երդումների փոխարեն դիտարկվեին թե’ ընդհանուր շահերը, թե’ ընդհանուր խնդիրները, հետևաբար՝ դրանց հանդեպ դիրքավորվելու, դրանք լուծելու կամ կառավարելու արդյունավետ մեխանիզմները, ապա դրանից առաջին հերթին կշահեին Հայաստանն ու Արցախը:

Հիմա կեղծ մթնոլորտ է կառուցվում հայ-ամերիկյան, ու ընդհանրապես հայ-արևմտյան հարաբերության շուրջ: Այդ կեղծ կառույցի մի աղյուսի էլ վերածել են ԱՄՆ փոխնախագահի այցը՝ իշխանության ու մերձիշխանական քարոզչական ռեսուրսներով: Ներկայացվում է պատկեր, որը քիչ կապ ունի իրականության հետ: Եվ դրանից դարձյալ շահելու են քաղաքական բոլոր սուբյեկտները, իսկ կորցնելու է միայն Հայաստանը:

Ահա թե ինչու թե՛ ընդհանրապես, թե՛ Վենսի այցի առնչությամբ կարևոր խնդիր եմ համարել կեղծիքը մատնացույց անելը, ինչպես նույն մոտեցմամբ եմ վերաբերել նաև հայ-ռուսական հարաբերությանը, երբ գործնականում բոլորը զբաղված էին դրա ոսկեզօծմամբ, իսկ ես հայտնվել եմ այդ գործով զբաղվածների թիրախում:

Հիմա թող լինեմ հայ-ամերիկյան հարաբերության ոսկեզօծողների թիրախում: Ինձ համար կարևորը սկզբունքն է՝ օգտակար լինել հանրային մտքին, ոչ թե խաղալ հանրային էմոցիաների վրա»:

Leave a comment