Հայաստանի բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության հիմքում դրված են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները․ Միրզոյան


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է երիտասարդների հետ «Ռեստարտ» հիմնադրամի կողմից կազմակերպված  քննարկմանը` շուրջ 200 մասնակիցներով Երևանից և մարզերից: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։


 


Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը հակիրճ ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթությունները, տարածաշրջանային զարգացումների, Ադրբեջանի հետ խաղաղության շարունակական ամրապնդման, գործընկերությունների զարգացման գործում ՀՀ առանցքային մոտեցումները։


 


 


Հաջորդիվ Արարատ Միրզոյանը հանգամանալից պատասխանել է ներկաներին հետաքրքրող շուրջ երկու տասնյակ հարցերի. ծավալված ակտիվ և անկեղծ զրույցի միջոցով քննարկվել են արտաքին քաղաքական բոլոր կարևոր հարցերը։ Դրանց շարքում էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության ամրապնդման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, առկա հարաբերությունների առնչությամբ՝ դրանց առավել ընդլայնման գործընթացները, տարբեր ուղղություններով ռազմավարական գործընկերությունների զարգացման հարցեր։ 


 


Ի թիվս այլ թեմաների, անդրադարձ է կատարվել  տարածաշրջանային ապաշրջափակման ծրագրերին, այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագծի իրականացման միջոցով ՀՀ համար բացվող նոր հնարավորություններին։


 


 


 


Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի կողմից իրականացվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության հիմքում դրված են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները, փոխշահավետ հարաբերությունների և ՀՀ զարգացման օրակարգի հետևողական առաջ մղումը։ Ի պատասխան երիտասարդներին հուզող հարցերի, նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել նաև հիբրիդային սպառնալիքների երևույթին, դրանց դրսևորումներին և արդյունավետ հակազդման մոտեցումներին։


 


 


Հաշվի առնելով, որ երիտասարդների հետ այս ձևաչափով հանդիպումը տեղի ունեցավ «Գրքի օրվա» նախաշեմին՝ նախարար Միրզոյանը հանդիպման ավարտին գրքեր է նվիրել քննարկմանն իրենց հարցերով առավել ակտիվ մասնակցած երիտասարդներին։

Դիտումների քանակ1

Leave a comment