«ԱԱԲ պրոեկտ» ընկերությունն այս տարի փոսալցում չի իրականացնում․ պնդումը սխալ է

ՔՊ կուսակցության լրատվամիջոց Civic.am-ը «Քոչարյանի խնամուն պատկանող «ԱԱԲ-»-ն սաբոտաժ է անում Երևանի փոսալցման աշխատանքները» վերնագրով հոդված է հրապարակել։ Հոդվածագիրը, իր աղբյուրին հղում անելով, նշում է, որ Կենտրոն վարչական շրջանում փոսալցման աշխատանքները դանդաղ են իրականացվում և դրանք կատարում է  Ռոբերտ Քոչարյանի խնամուն պատկանող AAB ընկերությունը։

«Տպավորություն է, որ այն սաբոտաժի է ենթարկում այդ գործընթացը, քանի որ փոսալցումները տեսանելիորեն ավելի դանդաղ է իրականացնում, քան մյուս ընկերությունները»,- գրված է հոդվածում։

Այնինչ Factor TV-ն հայտնել էր, որ ՀՀԿ նախկին պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանի եղբորորդու «ԱԱԲ պրոեկտ» ընկերությունը Երևանում փոսանորոգման աշխատանքներ է իրականացրել 2025-ին։ Այդ աշխատանքների կատարման պայմանագրի արժեքը համարժեք է 2 միլիոն 836 հազար դոլարի։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը մեր հարցին ի պատասխան հայտնել էր, որ մայրաքաղաքում այս պահին փոսալցում իրականացնում է 5 ընկերություն, որոնց ցանկում, սակայն, չկա «ԱԱԲ պրոեկտ» ընկերությունը։  Civic.am-ի հրապարակումից  հետո հավելյալ ճշտեցինք, Կարապետյանը վերահաստատեց տեղեկությունը։  Իսկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը Factor TV-ին փոխանցեց, որ աշխատանքներն իրականացվում են սահմանված գրաֆիկով։

Ստացվում է՝ իշխանական Civic.am-ի հրապարակման մեջ տեղ գտած պնդումը սխալ է։

Այդուհանդերձ, մենք պարզել ենք, որ «ԱԱԲ պրոեկտ» ընկերության՝ նախկինում իրականացրած աշխատանքների ընթացքում թույլ տրված խախտումների առնչությամբ նախկինում քրեական գործ է հարուցվել, իսկ «Կոմպաս» ՀԿ-ն դեռ 2019-ին այդ ընկերության շինաշխատանքներում լուրջ անվտանգային խնդիրներ էր արձանագրել։ Բայց այս հանգամանքը չէր խանգարել քաղաքապետարանին 1 միլիարդ 84 միլիոն դրամի պայմանագիր կնքել։

Արփի Հակոբյան

Leave a comment