Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ ի աջակցության մասին:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Թարմփի ամենահավատարիմ ու մտերիմ ղեկավարներից մեկն է: 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ, Օրբանը, թերևս, աշխարհում միակ պետության ղեկավարն էր, որ բացահայտ աջակցում էր Թրամփին, հանդիպում էր նրա հետ, չնայած Բայդենը դեռ նախագահ էր, իսկ Թրամփի վերընտրվելու շանսերը քիչ էին:
Երկու ամիս անց՝ 2026 թվականի ապրիլի 12-ին Հունգարիայում անցկացվելու են պառլամենտական ընտրություններ: Օրբանի կուսակցության վերընտրվելու շանսերը քիչ են, քանզի իշխող Ֆիդաս կուսակցությունը, ըստ վերջին սոցհարցումների, մոտ 10 տոկոսով զիջում է ընդդիմադիր Տիսա կուսակցությանը, որի առաջնորդն ի տարբերություն Օրբանի, հանդես է գալիս Եվրոմիության հետ ավելի սերտ ու համերաշխ կապերի օգտին:
Վերջին օրերին մամուլում շրջանառվեց տեղեկություն, համաձայն որի, Օրբանն ամիսներ շարունակ Թրամփից ֆինանսական աջակցություն է խնդրում, սակայն խնդրանքը մնացել է անպատասխան: Հունգարիայում տնտեսական վիճակն այդքան էլ լավ չէ, այդ երկիրը ԵՄ ամենակոռուպցված երկրներից է և ընտրողները դրանում մեղադրում են Օրբանին: Այսինքն, այս պահին Թրամփի օգնությունը Օրբանի համար կենսակական, եթե ոչ ճակատագրական նշանակություն ունի:
Լրագրողները մի քանի օր առաջ Թրամփից ճշտեցին, արդյո՞ք ճիշտ է, որ Օրբանն օգնության խնդրանքով դիմել է իրեն: Թրամփը հաստատեց տեղեկությունը, փաստացի խոստանալով, որ խնդրանքը մնացել է անպատասխան…
Եվ դա բնական է, ամերիկյան հարկատուները, հատկապես Թրամփի էլեկտորատը, դեմ են իրենց գումարները ԱՄՆ-ից դուրս ցանկացած հարցի վրա ծախսելու մտքին: Ամերիկան այժմ միայն պահանջողի դերում է, ցանկացած երկրից, ցանկացած առիթով, ցանկացած չափի գումարի պահանջ կա: Նույնիսկ Հայաստանի պես բանկրոտ երկրից են ուզում մի բան պոկել…
Օրբանի հասցեին Թրամփի կողմից պարբերաբար շռայլվող գովեստի խոսքերը և սոցցանցերի գրառումները Հունգարիայի տնտեսական վիճակի վրա ոչ մի կերպ ազդել չեն կարող: Ճիշտ է, Թրամփն Օրբանին թույլ է տվել պատժամիջոցներից դուրս, որոշակի քանակությամբ ռուսական էներգակիրներ գնել, քանզի Ուկրաինան դադարեցրել է Դրուժբա նավթատարով, դեպի Հունգարիա և Սլովակիա նավթի հոսքը, բայց դա էլ էական նշանակություն չի ունենալու Օրբանի վարկանիշի վրա: Ավելին, Թրամփը Օրբանին պարտադրեց պայմանագիր, համաձայն որի՝ Հունգարիան պետք է տարեկան կես միլիարդ դոլարի ամերիկյան հեղուկ գազ գնի: Ինչպես ասում են, дружба дружбой, но деньги вперед…))։ Սա հատուկ մեր այն խաբեբաների ու տգետների համար, որոնք ամերիկյան ներդրումների մասին հեքիաթներ են պատմում…
Մյունհենի համաժողովից հետո, Օրբանին աջակցություն ցուցաբերելու նպատակով, երեկ Հունգարիա էր այցելել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Կրկին, հնչել են Օրբանի հասցեին գովեստի խոսքեր, հունգարա-ամերիկյան ստրատեգիական հարաբերությունների մասին շռայլ խոսքեր ու խոստումներ, բայց հունգարացիների համար դա ոչինչ է:
Երկու ամսից ընտրություններ են, հրաշքներ չեն լինում, խոստումներից տնտեսական վիճակը չի լավանա…
Այս պատմությանն անդրադառնում եմ, որպեսզի հայաստանյան որևէ քաղաքական ուժ, կամ քաղաքացի ինքնախաբեությամբ չտարվի: ԱՄՆ-ի կամ անձամբ Թրամփի աջակցությունը գալիք ընտրությունների ելքի վրա ոչ մի ազդեցություն չեն ունենալու:
Գալիք նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալու են Կոնգրեսի ընտրությունները: Թրամփի վարկանիշն օր օրի ընկնում է, իսկ նա որևէ ուղղությամբ դեռևս լուրջ հաջողություն չի գրանցել: Ռուսներն ուկրաինական հարցի շուրջ բանակցությունները ձգձգելով, դրանք Աբու Դաբիից կամաց տեղափոխեցին Ժնև:
Իրանի հարցը նույնպես Ժնև է վերադառնում:
Ամերիկան Էփշտեյնի գործի վրա սևվեռված, մտնում է նախընտրական բուռն շրջան, Իրանը, Ուկրաինան, առավել ևս Հունգարիան ու Հայաստանը, ամերիկյան քաղաքական գործիչների ու ընտրողների համար հետին ու ամենահետին պլաններում են: Ամերիկացի ընտրողին նախ և առաջ հետաքրքրում են գնաճը, սոցիալական բազմաթիվ խնդիրները, լայնածավալ կոռուպցիան ու Թրամփի շնորհիվ ԱՄՆ-ում խորացող անտերության մթնոլորտը…
Մեծ հաշվով, աշխարհի բոլոր երկրներում ընտրողների պահանջները նույնն են: Կոռուպցիան ու սոցիալական անարդարությունը կոծկում են պատերազմներով ու զանազան հակամարտություններով…
Չկա դեմոկրատիա, չկա արևմտամետություն կամ ռուսամետություն: Կան լուրջ ներքին խնդիրներ:
Ձնհալքից հետո հայաստանյան փողոցների վրա առաջացած փոսերը մանրուքներ են, որոնք լավ տեսանելի են: Մեր բոլոր ոլորտներում այդպիսի փոսեր են: Նույնիսկ մեր երկրի սահմաններն են նման ասֆալտի փոսերին: Մի քանի կիլոմետր սահմանազատված է, մի քանի կիլոմետր հանձնված, մի հատվածում ռուսական սահմանապահներն են, մի հատվածը հանձնվում է պայմանական ԱՄՆ-ին, բայց վերջին հաշվով ում է այն բաժին հասնելու դեռ պարզ չէ…
8 տարի խոստումներ են տրվել, գումարներ են ծախսվել, պետության սուղ ռեսուրս ու ժամանակ է վատնվել, բայց ունենք փոսեր, չլուծված հարցեր, գնաճ, աճող պարտքեր, ծանրացող հարկային բեռ ու օդում կախված «խաղաղություն»…
Ընտրություններից 3 ամիս առաջ ասֆալտի կարկատան…
Ֆինիտա լյա կոմեդիա»: