«Նիկոլը Գորբաչովից ավելի «հզոր» դիկտատոր է»․ Կարեն Հեքիմյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյան Նիկոլը Միխայիլ Գորբաչովից ավելի «հզոր է»:
     Խորհրդային Միությունը կազմալուծվեց 1991 թվականի դեկտեմբերի 26-ին: Մինչ այդ, ԽՍՀՄ-ը, որոշակի իմաստով, դեռ հզոր էր:
     1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից անմիջապես հետո Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում տեղակայված Խորհրդային բանակի հրամանատարությունը որոշեց այնտեղ ծառայող հայազգի զինվորականներին կարճատև արձակուրդ տրամադրել, որպեսզի վերջիններս այցելեն երկրաշարժի գոտում բնակվող հարազատներին, միգուցե` նրանց շիրիմներին: Եվ, ահա, հայազգի զինվորականները (գոնե` նրանց զգալի մասը) գնացին «արձակուրդ» և … չվերադարձան: Պատկերացնո՞ւմ եք: ԽՍՀՄ-ի օրոք: Զինվորական մաս չվերադառնալն արժանապատիվ հրաժարականի նման մի բան էր:
     Նոր Հայաստանում ամեն ինչ ձախողվում է: Բոլոր ոլորտները: Դա էլ մի կողմ: 2020 թվականի կապիտուլյացիա, տարածքների կորուստ, հսկայական պարտքեր, աղքատություն, իրավական «բեսպրեդել»… Եվ այս պայմաններում քաղաքական հայտարարությամբ ոչ մի հրաժարական չկա: 2018 թվականից սկսած՝ չկա որևէ երևելի, բարձրաստիճան պաշտոնյա, որը քաղաքական մոտիվներով հրապարակավ հրաժարական ներկայացրած լիներ:
     Կասեք` հասարակ զինվորներին քաղաքական պաշտոնյաների հետ համեմատելը սխալ է:
     Կասեմ` եթե Նոր Հայաստանում այսօրինակ քաղաքական պաշտոնյաներ ունենք, ապա պատկերացնո՞ւմ եք հասարակ զինվորների խեղճությունը:
     Կասեք` ինչո՞ւ է այդպես:
     Կասեմ` միգուցե Փաշինյան Նիկոլը Միխայիլ Գորբաչովից ավելի «հզոր» դիկտատոր է կամ Նոր Հայաստանում արժանապատիվ մարդկանց դեֆիցիտ է:
     Թեպետ, Միխայիլ Գորբաչովն այդքան էլ դիկտատոր չէր, իսկ դեֆիցիտի մասին ինքներդ դատեք»:

Leave a comment