ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Հռոմում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) իրականացման օժանդակ մարմնի 6-րդ (SBI-6) հանդիպման շրջանակներում COP17-ի Հայաստանի նախագահության կողմից կազմակերպված միջոցառմանը: Բացման ելույթներով հանդես են եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում, ներկայացնելով COP17-ի շրջանակներում նախատեսվող Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները, նշել է.
«Ձե՛րդ գերազանցություններ,
Հարգելի՛ պատվիրակներ,
Շնորհակալություն եմ հայտնում COP17-ին Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթությունները ներկայացնելու հնարավորության համար։ Մեր առաջնահերթություններն ընդգծում են շարունակականությունը, ներառականությունը և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի միջկառավարական բնույթի և բազմաշահառու մասնակցության նկատմամբ հարգանքը։ Մենք պատրաստակամ ենք խթանել գործողություններին ուղղված քննարկումները, նպաստել Կողմերի և շահագրգիռ կողմերի միջև կառուցողական ներգրավվածությանը և ապահովել Կոնվենցիայի ներքո իրականացվող տարբեր գործընթացների միջև համադրելիությունը, այդ թվում՝ գլոբալ վերանայման, մոնիթորինգի, իրականացման, ինչպես նաև շահագրգիռ կողմերի ու իրավունքը կրողների դերին առնչվող գործընթացները։
Այդ և COP17-ի նպատակների իրականացման ուղղությամբ կայուն քաղաքական խթան ապահովելու նպատակով մենք կազմակերպելու ենք Առաջնորդների գագաթնաժողով՝ կենսաբազմազանության և բնապահպանության հարցերը գլոբալ քաղաքական օրակարգի ամենաբարձր մակարդակի հասցնելու համար: Գագաթնաժողովը կծառայի որպես COP17-ի քաղաքական հենասյուն՝ ամրապնդելով հավակնոտությունը, ապահովելով ռազմավարական ուղղորդում և հաղորդելով քաղաքական խթան՝ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների և թիրախների իրականացման ուղղությամբ կայուն ու հետևողական առաջընթաց ապահովելու համար:
Կենսաբազմազանության վերաբերյալ Առաջնորդների գագաթնաժողովը նախատեսվում է 2026թ. հոկտեմբերի 16-ին Երևանում՝ «Առաջնորդներ` հանուն բնության» խորագրի ներքո…»։